Վերջին ավելի քան 20 տարիների ընթացքում, այսինքն՝ անկախությունից այս կողմ, դժվար է հիշել գեթ մեկ շրջան, երբ Հայաստանի տնտեսությունը զերծ եղած լինի լրջագույն պրոբլեմներից: Եթե նույնիսկ համեմատաբար դրական ազդակներ էլ եղել են, եթե նույնիսկ որոշակի տեղաշարժեր նկատվել են, ապա դրանք եղել են ընդամենը ոլորտային տեղաշարժեր ու կրել ժամանակավոր կամ ռեակցիոն բնույթ, ինչի պատճառով այդ դրական տենդենցները ոչ մի էական, առավել ևս խորն ազդեցություն չեն թողել Հայաստանի տնտեսության վրա. փաստացի անընդհատ դոփել ենք տեղում:

Այն իրավիճակը, որ ներկայումս տիրում է տնտեսության մեջ, սակայն, առանց չափազանցության, բացառիկ է՝ բացառիկ՝ վատ իմաստով. Հայաստանը, դատելով փաստերից ու թվերից, ինչպես նաև որոշակի տենդենցներից, բառացիորեն հայտնվել է դեֆոլտի եզրին. 2017 թվականն այդ առումով ճգնաժամային է լինելու:

Մասնավորապես, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, Հայաստանում կտրուկ կերպով նվազել են ձեռնարկությունների շահութահարկի ցուցանիշները՝ 30%-ի չափով: Նշենք, որ սա տնտեսության ակտիվության մասին հստակ պատկերացում տվող լավագույն ցուցանիշն է: Ինչ վերաբերում է ներքին պարտքի գծով տոկոսավճարներին, ապա այստեղ ևս պատկերն անմխիթար է. դրանք աճել են մոտ 650%-ով: Բացասական միտումներ են նկատվում նաև Հայաստանի միջազգային պահուստների մասով. այստեղ կրճատումն ընդամենն ամիսների ընթացքում կազմել է 174 միլիոն դոլար:

Ոչինչ, սակայն, այդքան տագնապահարույց չէ, որքան Հայաստանի պարտքերին վերաբերող ցուցանիշները: Արտաքին պարտքն, ինչպես հայտնի է, 6 մլրդ դոլարն արդեն իսկ գերազանցում է ու դատելով ամենայնից՝ դեռևս է՛լ ավելի կմեծանա: Այստեղ ամենազավեշտալին այն է, որ, ինչպես ցույց են տալիս տնտեսագիտական հաշվարկները, մեր երկիրը 14 անգամ ավելի պարտք է վերցրել, քան աճել է նրա տնտեսությունը: Ինչ վերաբերում է ներքին պարտքի ցուցանիշներին, ապա այստեղ ևս պատկերն առավել քան վատ է. 1 մլրդ 132 միլիոն է կազմում այն գումարը, որը ձևակերպված է որպես ներքին պարտք: Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ Հայաստանը ներկայումս հայտնվել է ներքին պարտքային դեֆոլտի շեմին, ու չի բացառվում, որ տեսանելի ապագայում հսկայական ինֆլյացիա տեղի ունենա երկրում՝ թաղելով Հայաստանի տնտեսությունն ընդմիշտ:

Հիմա հարց է առաջանում՝ կա՞ն արդյոք ելքեր ստեղծված իրավիճակից: Այս հարցին պատասխանելն իրականում չափազանց բարդ է: Ակնհայտ է, որ այն բոլոր գործիքակազմերն ու այն մեթոդաբանությունը, որով ղեկավարվել ու շարունակում է կառավարվել ՀՀ տնտեսությունը, վաղուց իրեն սպառել են: Ո՞րն է այդ հիմնական բանաձևը: Դա հետևյալն է՝ ավելացնել արտահանումը, իսկ դրա արդյունքում ստացված միջոցները ծախսել Հայաստան ներմուծված ապրանքների գնման վրա: Այսինքն՝ փաստացի տեղի է ունենում զրոյական տեղաշարժ, քանի որ ստացված միջոցները չեն ծախսվում նպատակային, արտադրություն չի հիմնվում, որևիցե փորձ չի կատարվում՝ ներմուծվող ապրանքները փոխարինելու տեղական արտադրությամբ: Փոխարենը տեղական արտադրանքով բավարարեն ներքին շուկան ու հետո միայն արտահանեն երկրից դուրս, հակառակ պատկերրի ենք ականատես դառնում. Եղածն էժան գներով արտահանում ենք, փոխարենը տեղական շուկան լցնում օտար երկրներից բերված ապրանքներով ու դրանք գնում:

Ինչ վերաբերում է արտահանմանն, ապա այս հարցում ևս, ըստ էության, շատ կոնկրետ բացասական միտումներ կարող են ի հայտ գալ: Մասնավորապես՝ պարզվում է՝ ՌԴ ֆինանսների նախարարությունը Պետական դումա է ներկայացրել մի օրինագիծ, որի ընդունման դեպքում լրջորեն կխոչընդոտվեն ԵՏՄ այլ երկրներից ապրանքների ներկրումը Ռուսաստան: Ասել կուզի՝ Հայկական բազում ապրանքատեսակներ, որոնց սպառման շուկան Ռուսաստանն է, շուտով զրկվելու են այդ երկրի մանրածախ շուկայում ներկայացված լինելու հնարավորությունից: Ո՞րն է Ռուսաստանի նպատակը:

Նպատակը շատ պարզ է ու միանգամայն հայրենասիրական. մարդիկ իրենց արտադրողներին պաշտպանում են օտարերկրյա ինտերվենցիայից: Կրեմլի տրամաբանությունը շատ պարզ է՝ ինչո՞ւ ներմուծել մի բան, որի արտադրությունը կարելի է կազմակերպել տեղում: Համաձայնե՛ք՝ կատարյալ տրամաբանություն: Հարց՝ մենք ի՞նչ ենք մտածում այս ամենի կապակցությամբ, մենք ե՞րբ ենք պատրաստվում պաշտպանել սեփական արտադրողին օտարերկրյա, բայց հատկապես ասենք նույն թուրքական ապրանքներից: Ի՞նչ է, բա՞րդ է թուրքի լոլիկի փոխարեն ասենք հայի լոլիկն ուտել...

Անքննարկելի է ու ոչ ոք չի կարող վիճարկել՝ կեղծ տնտեսական զարգացման ցուցանիշներ հրապարակելով կամ չհիմնավորված, տոկոսներ նկարելով ոչ մեկին այսօր չես խաբի: Այն երկրներն են հասել կոնկրետ տնտեսական ձեռքբերումների, որոնք առավելությունը տվել են սեփական արտադրողին, ովքեր ձգտել են արտաքին շուկաներից անկախության, ովքեր չեն համակերպվել ընդամենն այլոց համար սպառման շուկա լինելու մտքի հետ: Մենք այսօր ընդամենը սպառման շուկա ենք առավել զարգացած երկրների համար, իսկ ակնկալել առաջընթաց նման իրավիճակում, անիրատեսական է:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ