«Ծառուկյան» դաշինքն ակտիվորեն սկսել է քարոզարշավը:

Այս մասին մարտի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ծառուկյան» դաշինքի թիվ 4-րդ ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Վահե Էնֆիաջյանը: Նրա խոսքով' իրենց դաշինքը կարևորել է սահմանամերձ համայնքների բնակիչներին և ուշադրության տակ պահելով նրանց' քարոզարշավը սկսել են հենց այնտեղից:

«Մենք սկսեցինք հենց սահմանից, քանի որ մեր երկիրը սկսվում է այնտեղից: Կարևորում ենք, որ յուրաքանչյուր քաղաքում և համայնքում մեր ներկայացուցիչները տարածքային ընտրական ցուցակներում բոլոր տեղերում ներգրավված լինեն և ներկայացնեն այն հիմնական ծրագրերը, որոնք առաջարկում է «Ծառուկյան» դաշինքը: Ցավոք, այս ժամանակահատվածը բավարար չէ, որպեսզի Գագիկ Ծառուկյանն անձամբ ներկա գտնվի բոլոր համայնքներում»,- ասաց Էնֆիաջյանը' վստահեցնելով, որ բոլոր խոշոր համայնքներում իրենք կարողանալու են հանդիպումներ կազմակերպել Գագիկ Ծառուկյանի հետ:

Նրա տեղեկացմամբ' «Ծառուկյան» դաշինքի ծրագրային դրույթները և մոտեցումները ներկայացվում են երկու ձևով' ամփոփ և ընդլայնված: Էնֆիաջյանը նշեց, որ ներկայացնում են դաշինքի կողմից առաջարկվող 15 ծրագրային դրույթները: Նրա վստահեցմամբ' դրանք իրատեսական դրույթներ են, որը ժողովրդի կողմից սպասելիքների հույս է առաջացնում:

Ամփոփելով խոսքը՝ նա նշեց, որ բավականին արդյունավետ է գնահատում «Ծառուկյան» դաշինքի նախընտրական քարոզարշավի ընթացքը, քանի որ կարողացել են լայնորեն խոսել և ներկայացնել իրենց ծրագիրը ժողովրդին: