Այս օրերին ամենափնտրվող հարցն այն է, թե ինչ կատարվեց, ինչ է կատարվում Հայաստանում: Եվ ինչքան էլ շատ են այդ կապակցությամբ գնահատականները, մեկնաբանություններն ու վերլուծությունները, նաև վարկածներն ու կասկածները, միևնույն է' հարցը դեռ շարունակում է մնալ ակտուալ և փնտրել իր պատասխանները:

Մտքերը տանում են տարբեր տեղեր՝ մոտիկ ու հեռու, կատարվածի մեջ գտնելով թե հայաստանյան հետք, թե արտերկրի սցենար: Այդ ամենի մեջ կա թե ռացիոնալ հատված, թե իռացիոնալ, մինչև անգամ դավադրապաշտ տեսություններ: Բայց այդ ամենը կառուցված է մի պարզ բանի՝ ենթագիտակցական, անգամ բնազդային մի դրսևորման վրա, որը եթե տեղի չունենար, ապա ոչ հայաստանյան, ոչ արտասահմանյան հետքերով որևէ մեկը չէր կարող անցնել այն ճանապարհը, որի վրա այժմ գտնվում է Հայաստանը, և որը դեռ այդքան էլ որոշակի չէ, թե ուր է տանելու ի վերջո: Այդ ենթագիտակցականը, բնազդայինը, ժողովրդի ինքնապաշտպանության բնազդն է:

Փետրվարի 18-ի իր քվեարկությամբ Հայաստանի բնակչությունը պարզապես ինքնապաշտպանվեց, նրա մոտ գործեց ինքնապաշտպանության բնազդը: Առանց դրա հետագա զարգացումները պատկերացնելն ուղղակի միամտություն կլիներ: Պարզապես շատերը չէին պատկերացնում, որ այդ բնազդը հասարակության մեջ դեռ մնացել է: Ավելի շուտ, չէին պատկերացնում, որ ինքնապաշտպանության բնազդը մնացել է այդ՝ արժանապատվության հիմքով: Չէ՞ որ տարիներ շարունակ իշխող համակարգը Հայաստանում բնակչության շրջանում փորձում է զարգացնել ոչ թե արժանապատվության տանող, այլ անասնականն արթնացնող բնազդները: Այն բարքերը, որ Հայաստանում ներդրվել ու բյուրեղացել են արդեն մոտ երկու տասնամյակ, մարդուն ստիպում են ինքզինքը պաշտպանելու համար՝ սոցիալապես և ֆիզիկապես, դիմել անասնական բնազդների օգնությանը՝ նվաստացնել դիմացինին, խաբել, գողանալ, հոշոտել թույլին և քծնել, ծառայել, հաճոյանալ ուժեղին, ուժեղի պատվերով կրկին հոշոտել թույլերին, թալանել, չխղճալ, չկարեկցել կամ պետք եղած դեպքում այդ ամենն անել ընդամենը ձևականության համար՝ որպես խաբեության հուսալի հնարքներից մեկը:

Հայաստանում բարեկեցության և պաշտպանության բարվոք մակարդակի հասնելու համար անհրաժեշտ են հենց այդ հատկանիշները, քանի որ այդպիսի համակեցության միջավայր է կառուցվել անցնող տասնամյակների ընթացքում, խրախուսվել է մարդու այդ տեսակը գրեթե բոլոր մակարդակներում: Բարեկեցության հասած հանրույթի շատ փոքր մասն է միայն, որ կարողացել է դա անել մարդկային արժանապատվության, արժանիքների, առաքինության հետ չփոխանակելով: Այսինքն' իշխող համակարգը Հայաստանում ձևավորում էր մի միջավայր, որտեղ ինքնապաշտպանության բնազդի մեջ առավելապես ներդրվել են անասնական բաղադրիչներ, խթանվել են դրանք, իսկ մարդկային արժանապատվության տարրերը հնարավորինս չեզոքացվել են՝ քանի որ կենսագործունեության համար դարձվել են ոչ պիտանի:

Եվ այդ ամենից հետո հանկարծ կատարվում է արժանապատիվ ընտրություն, և այն էլ այն պարագայում, երբ կարծես թե իշխանությունը՝ օրվա ակտուալ ընդդիմության կամ այլընտրանքի հետ մեկտեղ հետևողականորեն ոչնչացրել է արժանապատիվ ընտրության որևէ մոտիվացիա: Փետրվարի 18-ին Հայաստանում տեղի ունեցածն ու հետո շարունակվողը ուշագրավ է նաև այս տեսանկյունից, և այս տեսանկյունը պակաս կարևոր չէ, քան գործընթացի քաղաքական և աշխարհաքաղաքական պատճառները կամ մոտիվները: Վերջին հաշվով, քաղաքական և աշխարհաքաղաքական բաղադրիչների առումով հնարավոր է գալ կոմպրոմիսների, հնարավոր է առևտուր, փոխհամաձայնություններ, ավանդական քաղաքականության մեխանիզմներ: Բայց, պարզվել է, որ համակարգը գործ ունի ոչ թե միայն քաղաքական ֆորս-մաժորի հետ, այլ նաև բախվել է մի խնդրի, որը վաղուց արդեն համարում էր մեռած՝ Հայաստանի հասարակության արժանապատվության զգացումը, այդ զգացումի, ոչ թե վայրի բնազդների վրա հիմնված ինքնապահպանման զգացումը:

Այսինքն' այն, ինչը իշխող համակարգը համարում էր իր գոյության գլխավոր, անկյունաքարային ձեռքբերումներից մեկը,- որը հանդիսանալու էր հարատևության գլխավոր գրավականներից մեկը,- պարզվում է այդքան էլ այդպես չէ, և հանրային արժանապատվությունը կա և կենսունակ է: Սա է, որ ամենամտահոգիչն է, որովհետև պարզվում է, որ այն հաղթահարելի չէ ավանդական շուկայական եղանակներով, այն դեպքում, երբ իշխող համակարգին թվում էր, թե դրանցով հաղթահարել ու հաղթահարելու է ամեն ինչ: