Մարտի 5-ից պաշտոնապես սկսվեց խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ 27 օր շարունակ 5 կուսակցություն ու 4 դաշինք ներկայացնելու են իրենց ծրագրերը, իրենց թեկնածուներին, խոստումներ են տալու։ Նրանք գործի կդնեն քարոզչության ամենատարբեր մեթոդներ՝ վիրտուալ, իրական, բանավոր, գրավոր։ Մեր երկրում միշտ էլ տեխնոլոգիաներ կիրառվել են: Այլ հարց է՝ արդյոք բոլո՞րն են օգտագործում և ինչպիսի՞ արդյունավետությամբ:

Քարոզարշավի մեկնարկին համացանցում քննարկման թիրախ դարձավ ՀՀԿ տեսահոլովակը, որտեղ մեր սիրված հերոսներն էին՝ Լևոն Արոնյան, Արթուր Աբրահամ, Հենրիխ Մխիթարյան, իսկ երգում էր «Ռեինկարնացիա» խումբը, որն ավելի ուշ՝ իր ֆեյսբուքյան էջում իրենց քննադատողներին դատարկագլուխներ անվանեց ու ասաց, որ այս ամենը քաղաքականության հետ կապ չունի։ Շատերն ուշադրություն դարձրին, որ քարոզարշավի բացման օրը «Դինամո» մարզադահլիճում, ուր տրված էր ՀՀԿ քարոզարշավի մեկնարկը, մեծ պաստառի վրա գրված էր www.lovearmenia.am կայքի հասցեն:

Այս անգամ ՀՀԿ-ն քարոզարշավի համար չի ծանրաբեռնել իր պաշտոնական կայքը, այլ հատուկ կայք է ստեղծել: Ընդ որում, այն սարքած է շատ հարմարավետ, այդտեղ հեշտությամբ կարելի է գտնել եռալեզու տեղեկատվություն ՀՀԿ բոլոր միջոցառումների, ելույթների, գործողությունների մասին, բոլոր թեկնածուների մանրամասն կենսագրությունը: Բացի այդ՝ նորամուծություն կարելի է համարել ՀՀԿ լոգոյով կոնֆետներ և հեռախոսների պատյաններ բաժանելը՝ ինչը ևս քարոզչության ժամանակակից միջոց է:

«Ազատ դեմոկրատներ»-ը փորձում են հստակորեն ցույց տալ, որ իրենք կոնկրետ պրոարևմտյան ուժ են: Նրանք ասում են, որ դեմ են ԵՏՄ-ին, կողմ՝ Եվրամիությանը, ինչը բավական հրապուրիչ մեսիջ է, ասել է թե՝ «առանց վիզաների Եվրոպա»: Բավական ուշագրավ է ԵԼՔ դաշինքի տեխնոլոգիան: Նիկոլ Փաշինյանն ընտրել է բակային լոկալ հանդիպումների մարտավարությունը' հետևից տանելով երիտասարդների: Փաշինյանը բարձրախոսով ասում է՝ Ելք կա, երիտասարդներն արձագանքում են՝ Ելք կա: Սա իրականում բավականին արդյունավետ աշխատող տեխնոլոգիա է:

Մեկ այլ տեխնոլոգիա է նաև նախընտրական քարոզարշավի կառուցումը լիդերների շուրջ: ՀՀԿ-ն ներկայացնում է Կարեն Կարապետյանը, ԵԼՔ-ը՝ Նիկոլ Փաշինյանը, «Ծառուկյան» դաշինքը՝ Գագիկ Ծառուկյանը: Կիրառվում են նաև քաղաքական հնարքներ՝ Նիկոլ Փաշինյանը բլոտ է խաղում, Հրանտ Բագրատյանը կիթառ է նվագում։

Քաղաքական տեխնոլոգիաների կիրառման տեսանկյունից՝ հետ չի մնում նաև ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը, որը հստակ թիրախավորել է իր լսարանը և անգամ չի թաքցնում այդ փաստը: Բացի դրանից՝ դաշինքի նախընտրական հոլովակներում տեսնում ենք Լևոն Տեր Պետրոսյանի երիտասարդ շրջանի լուսանկարները և ելույթները, ինչը միտված է ընտրողի մոտ ՀԱԿ առաջնորդի կերպարը թարմացնելուն: Այս տեխնոլոգիան հաճախ է կիրառվում նախկին սոցիալիստական երկրներում, երբ ընտրապայքարի մեջ են մտնում իրենց դարն ապրած քաղաքական գործիչները: Սակայն ոչ այնքան հաջող է աշխատում ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի՝ «խաղաղություն՝ հիմա» ծրագիրը։ Նրանք չեն կարողանում ընտրողներին բացատրել դրա կիրառական նշանակությունը։

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ