Այսօր Կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը գործադիր մարմնի հերթական նիստի ընթացքում փաստացի արձանագրեց, որ ՀՀ քաղաքացուն վաճառում են անորակ բենզին և նավթամթերք: Վարչապետը հանձնարարեց ՀՀ ներդրումների և տնտեսական զարգացման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում վեր հանել նավթամթերքի շուկայում առկա խախտումները:

 

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վարչապետի վերը նշված հանձարարականին՝ ասաց, որ խոսքը վերաբերում է ոչ թե Հայաստան ներկվող բենզինին և նավթամթերքի մյուս տեսակներին, այլ ՀՀ-ում սպառվողին, քանի որ ներկրվողն ունի համապատասխան սերտիֆիկատ. «Չի կարելի ասել, որ Հայաստան ներմուծվող բենզինն ու նավթամթերքն անորակ են: Վատորակ նավթամթերք չի ներմուծվել Հայաստան, որովհետև ներմուծված նավթամթերքը, եթե ներմուծվում է ԵՏՄ երկրներից, ունի համապատասխան որակի սերտիֆիկատ, իսկ եթե ներմուծվում է երրորդ երկրից, ապա մենք ինքներս ենք դրա որակը ստուգում: Խոսքը վերաբերում է մանրածախ սպառմանն ու Հայաստանի ներսում կատարվողին»:

 

Նախարարն,  ըստ էության, չբացելով փակագծերը, վստահեցրեց, որ լավ որակի բենզինն ու դիզվառելիքը հայաստանցի սպառողին վաճառվում է անորակ և չափանիշներին չհամապատասխանող տեսքով՝ առկախ թողնելով խախտումն անողներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու հարցերը:  

 

Աղավնի Սուքիասյան