Մինչ ալիևյան վարչակարգը փորձում է ինքնահաստատվել՝ արյունարբու վարքագիծ ցուցաբերելով և կամ այլևայլ ճամարտակություններ անելով՝ անհաջողություններն Ադրբեջանին մեկը մյուսի հետևից հետապնդում են:

 

Մասնավորապես՝ պարզվում է՝ այս անգամ էլ ադրբեջանցիները խայտառակ պարտություն են կրել Եվրոպական դատարանում և այդ ամենը՝ բացառապես՝ շնորհիվ հայկական կողմի ջանքերի՝ մինչև վերջ հետամուտ լինելու Հայստանի ու Արցախի շահերին՝ միջազգային այս բարձր ատյանում: Այսպես՝ մերոնց հաջողվել է հասնել այն բանին, որ առաջին անգամ Արցախի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչը ներգրավվել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում ընթացքող աշխատանքներին, ինչը, պետք է նկատել՝ լուրջ հաջողություն է Հայաստանի համար և մեծ հարված՝ Ադրբեջանին, որի հակահայկական գործողությունները, փաստորեն, որևիցե արդյունք չեն տվել, ու Արցախի ձայնը լռեցնել չի հաջողվել:

 

Նշենք, որ Եվրոպական դատարանը քննության էր առել երկու գործ՝ «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի», ու եթե առաջինի դեպքում նախարարների կոմիտեի քարտուղարության նախագծում ընդամենը ֆիքսվում էր, որ կոչ են անում ՀՀ կառավարությանը՝ շարունակել քննարկումները քարտուղարության հետ հարցի լուծման կապակցությամբ՝ առանց որևէ ժամկետ նշելու, ապա երկրորդի պարագայում հստակ պարտավորություն է դրվել Ադրբեջանի վրա և մինչև հունիս ամիս ժամկետ տրվել՝ ներկայացնելու գործողությունների ծրագիր. Ադրբեջանը պետք է ներկայացնի գործողությունների ծրագիր, թե ինչպես է պատրաստվում վերականգնել մեր փախստականների խախտված իրավունքները:


Անհերքելի է այն իրողությունը, որ նմանատիպ հաջողություններն ամենևին էլ որևէ մեկի կողմից նվեր չեն տրվում Հայաստանին, ու այս ամենի հետևում նախևառաջ պետք է հայկական կողմի փայլուն աշխատանքը նշմարել: Եվ, այս իմաստով՝ հատկապես կարևոր է ընդգծել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի ներդրած ջանքերը, որոնց շնորհիվ է նաև, որ հնարավոր է դարձել նման հայանպաստ որոշում կորզել Եվրոպական դատարանից. սա, թերևս, իսկական պրոֆեսիոնալիզմի դրսևորում պետք է համարել:


Այն, որ հայ-ադրբեջանական հակամարտությունն ունի ոչ միայն ռազմական, այլև դիվանագիտական ու իրավական երանգներ, Հայաստանին մշտապես պարտավորեցնում է ադեկվատ արձագանքել Բաքվի կողմից իրակնացվող ամեն մի սադրանքի՝ նաև միջազգային հարթակներում: Այս խնդիրը, թերևս, նույնքան կարևոր պետք է համարել, որքան ռազմի դաշտում մեր ձեռքբերումները: Հետևաբար, նմանատիպ բարձր մակարդակում հստակ հաղթանակն Ադրբեջանի նկատմամբ՝ ոչ միայն առանձին անհատների ձեռքբերումն է, այլև պետության, քանի որ հենց նմանօրինակ երևույթներն են, որ համաշխարհային հանրության աչքում բարձրացնում են մեր երկրի վարկանիշը, նրան հզորություն հաղորդում ու փաստում՝ Հայաստանի Հանրապետությունը ռեալ ուժ է ու չի կարող գտնվել մեկն, ով ի վիճակի կլինի հանիրավի «ձեռնոց նետել» հայկական պետությանը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումներն աներկբայորեն այս մասին են վկայում:


Սովորաբար, ընդունված է կարծել, թե մենք, ի տարբերություն թշնամու, մեզ այնքան էլ ակտիվորեն չենք դրսևորում միջազգային ատյաններում, իբր՝ Հայաստանը պասիվ է: Միգուցե որոշ դեպքերում հենց այդպես էլ կա, բայց այն, ինչի մասին վերևում խոսք գնաց, մեկ բանի մասին է վկայում՝ եթե խնդրով զբաղվողները բարձր պրոֆեսիոնալներ են ու սեփական գործի գիտակներ, ապա անհնարին ոչինչ չի կարող լինել. պրոֆեսիոնալիզմ ու հետևողականություն՝ ահա Հայաստանի հաջողության բանաձևը:


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ