Այն, որ հայաստանյան կրթական համակարգն ունի բազմաթիվ խնդիրներ, հայտնի է բոլորին: Այդ խնդիրների մասին իշխանության ներկայցուցիչները խոսում են երբեմն-երբեմն, ընդդիմադիրները՝ շատ հաճախ:


Խոսքն, առավելապես, դպրոցներում առկա կոռուպցիոն ռիսկերի մասին է, որոնց  վերհանման, գնահատման և դրանց բացառմանն էր ուղղված այսօր կայացած կլոր սեղան-քննարկումը, որն իրականացվեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի, ՀՀ կրթության և գիտության նախարարության, «ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության» և «Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի մասնակցությամբ: 

 

Խոսելով դպրոցներում կոռուպցիոն ռիսկերի և, մասնավորապես, վճարովի պարապմունքների պատճառների և հետևանքների մասին՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը նշեց, որ հանրակրթական դպրոցներում  կրթության որակը ցածր է, և դա հանդիսանում է խթանիչ գործոն՝ դպրոցներում վճարովի հիմունքներով կրթություն ստանալու համար: Նույն կենտրոնն այս հարցի լուծման համար առաջ է քաշում հետևյալ վերլուծությունը. «Վճարովի պարապմունքների արդյունքում ուսուցիչը հնարավորություն ունի լիարժեք չկատարելու իր պարտականությունները՝ աշակերտներին իր մոտ վճարովի պարապմունքներում ներգրավելու համար: Վճարովի պարապմունքների ամենաբացասական հետևանքներից մեկն՝ ուսուցչի կողմից աշակերտների նկատմամբ տարբերակված մոտեցում ցուցաբերելն է, և այն, որ շատ հաճախ աշակերտներին ցածր գնահատականներ նշանակելով, դրդում են նրանց լրացուցիչ վճարովի պարապմունքների մասնակցել»:


Շատ դեպքերում՝ վճարովի պարապմունքների աշակերտները հաճախում են ոչ թե սովորելու և թեմաները լավ յուրացնելու համար, այլ, ընդամենը, բարձր թվանշաններ կորզելու համար: Հայտնի փաստ է նաև, որ վճարովի դասընթացների  հաճախող երեխան տվյալ ուսուցչի կողմից ստանում է բարձր թվանշաններ՝ ուսուցչի կողմից արժանանալով նաև մյուս աշակերտներից տարբերվող վերաբերմունքի: 

 

Հետաքրքրական է, որ ՀՀ օրենսդրությամբ՝ վճարովի հիմունքներով կրթությունը դպրոցի տարածքում թույլատրվում է, սակայն մասնավոր պարապմունքների հարցը դուրս է մնում նախարարության ուշադրությունից և նախարարությունը հետևողականորեն չի իրականացնում տեսչական ստուգումներ:


Ուստի առաջարկվում է

 

ՀՀ Աժ-ին՝ օրենսդրորեն արգելել ուսուցչի կողմից վճարի դիմաց պարապմունքներ իրականացնել՝ անկախ դասընթացի անցկացման վայրից՝ տանը կամ դպրոցում:  

 

ՀՀ կառավարությանը՝ ապահովել լիազոր պետական մարմինների պատշաճ վերահսկողություն:

 

ՀՀ կրթության և գիտության նախախարությանը՝ կանխել այդ պարապմունքներն ու բարձրացնել ուսուցիչների

 

վարձատրությունը: 

 

Աղավնի Սուքիասյան