Այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ տարեկան ընդհանուր ժողովը, որին մասնակցում էր նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանը ելույթ չունեցավ և պատասխանեց միայն իրեն ուղղված հարցերին: Դիտարկմանն՝ ինչպես է վերաբերվում  ԳԱԱ-ին ուղղված քննադատություններին, նախագահը նշեց, որ ոչ ոք ապահովագրված չէ քննադատությունից. «Այս երկրում ամենաքննադատվող կառույցը նախագահականն է, ամենաքննադատվող անձը՝ ես: Դրանից ոչ ոք հաճույք չի ստանում, միայն կարող է մազոխիստը հաճույք ստանալ»:

 

Նախագահը խոսեց նաև ԳԱԱ-ի շուրջ ծավալվող քննադատությունների մասին, նշելով, որ այդ կառույցն իրեն չի սպառել: Ըստ նախագահի՝ պետք է ընդամենն օպտիմալացնել կառույցի այն մասը, որտեղ արդյունք չկա:«Խնդիրն այն է, որ գաղափար չունեն թեմաներից, բայց հեռուստադիտողի աչքին նայելով՝ սուտ են ասում, թվեր են նկարում: Նույնն է գիտության պարագայում. հանդուրժող եղեք, ակտիվություն ցուցաբերեք, ինքներդ խոսեք հաջողության մասին: Սա էլ երկրորդ խնդիրն է, որ շատերը չեն ցանկանում հրապարակավ հակադրվել տգետներին, չեն ցանկանում, որովհետև վախենում են, որ Facebook-ով, այլ կայքերով կսկսեն խոսել։ Հիմա, եթե ուզում ենք մեր տեսակետը պաշտպանել, պիտի անենք դա»,-ասաց ՀՀ նախագահը։

 

Երկաստիճան կրթական համակարգից միաստիճան կրթական համակարգին անցնելու վերաբերյալ դիտարկմանը, թե այն կբերի խնդիրների, Սերժ Սարգսյանն ասաց, որ դրանք դեռ զուտ խոսակցություններ են, և օրենսդրական նախագիծ չկա. «Այս հարցում իմ մոտեցումն այն է, որ մենք համահունչ պետք է լինենք եվրոպական գիտական միջավայրին»: