Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մարտի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:

Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հանդիպմանը Վեհափառ Հայրապետը կարևորել է մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը' բարձրորեն գնահատելով այն աշխատանքը, որ իրականացվում է հասարակական կյանքի տարբեր ոլորտներում տեղ գտնող խնդիրների արդարացի լուծման գործում: Այս համատեքստում Նորին Սրբությունն անդրադարձ է կատարել հայ հոգևորականների բերած հոգեխնամ ծառայությանը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, մասնավորապես' ՀՀ Զինված ուժերում, հիվանդանոցներում և քրեակատարողական հիմնարկներում' ի նպաստ նաև այդ կառույցներում գտնվող մարդկանց իրավունքների պաշտպանության:

Իր հերթին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, խոսելով ազգային արժեքների ու ավանդույթների պահպանման, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության գործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելության մասին, կարևորել է վերջինիս և մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի միջև գործակցությունը:
Զրույցի ընթացքում խոսվել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող խնդիրների և դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին:

Վերջում Նորին Սրբությունը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին մաղթել է Աստծու զորակցությունը դժվարին իր առաքելության մեջ:
Հանդիպմանը ներկա է եղել Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: