ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) մարտի 17-ին պաշտոնապես մեկնարկում է հանրաքվեի սահմանափակ դիտորդական առաքելությունը (LROM) Թուրքիայում ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի շրջանակում: Ինչպես տեղեկացրին ԵԱՀԿ գրասենյակից, առաքելության գործունեությունն իրականացվում է Թուրքիայի իշխանությունների կողմից ստացած հրավերով:

Տանա դե Զուլուետայի գլխավորած առաքելության թիմը բաղկացած է 11 հիմնական փորձագետներից, ովքեր գործելու են Անկարայում, և 24 երկարաժամկետ դիտորդներից, ովքեր տեղակայված են լինելու ողջ երկրի տարածքում:

Առաքելությունը կուսումնասիրի, թե որքանով է հանրաքվեն համապատասխանում ԵԱՀԿ հանձնառություններին, միջազգային պարտավորություններին և ժողովրդավարական ընտրությունների ու հանրաքվեի չափանիշներին, ինչպես նաև ազգային օրենսդրությանը: Դիտորդները կհետևեն քարոզարշավի ընթացքին, կիրականացնեն ԶԼՄ-ների դիտարկում:

Դիտորդական առաքելության անդամները կհանդիպեն իշխանությունների, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության, մեդիայի և միջազգային հանրության ներկայացուցիչների հետ:

Հանրաքվեին հաջորդող օրը առաքելությունը կմիանա ԵԽԽՎ դիտորդական առաքելությանը' հայտարարություն անելով դիտարկման արդյունքների վերաբերյալ:

ԺՀՄԻԳ-ը առաքելության ավարտից մոտ ութ շաբաթ անց կհրապարակի վերջնական զեկույցը: