ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր հրավիրվել էր քննարկում վարկային կազմակերպությունների և գյուղտեխնիկա ներկրողների ներկայացուցիչների մասնակցությամբ «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի իրականացմանն առնչվող հարցերի շուրջ, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: 
Հանդիպմանը ներկա էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, «Գյուղական տարածքների տնտեսական զար¬գաց¬ման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավոր¬ման կառույցի ներկայացուցիչներ:
 «Ինչպես գիտեք, ՀՀ կառավարությունը երեկ հաստատել է գյուղտեխնիկայի ձեռքբերման լիզինգի պետական աջակցության ծրագիրը, որի սուբսիդավորման համար այս տարի կուղղվի 120 մլն դրամ գումար, սակայն եթե պահանջարկը մեծ լինի, ապա կդիմենք գումարի չափն ավելացնելու համար: Մենք հետևողական ենք լինելու և պարբերաբար ուսումնասիրելու ենք ծրագրի արդյունավետությունը, գյուղտեխնիկա ներմուծողների և ֆինանսական կառույցների հետ համատեղ վերլուծելու ենք թույլ կողմերը` դրանք հետագայում շտկելու և վերջնական սպառողին ներկայացնելու նպատակով», - նշել է նախարար Իգնատի Առաքելյանը: 
Նախարարն ընդգծել է, որ գյուղտեխնիկայի արտադրման երկրի մասով որևէ սահմանափակում չի նախատեսվում:
«Մենք ստեղծել ենք մի դաշտ, որտեղ բոլորը կարող են մասնակցել և առաջարկ անել: Ես համոզված եմ` արտահանող երկրների համար սա խթան է, և իրենք շատ արագ կստանան այդ ազդակը` Հայաստանում նման պետական ծրագրի առկայության մասին, և հենց արտադրողն է շահագրգռված լինելու ավելի լավ գին առաջարկելու` իր արտադրությունը զարգացնելու և նոր շուկա մտնելու համար: Սա իրականում նոր, ծավալուն շուկա է բոլոր գյուղտեխնիկա արտադրող երկրների համար»,-հավելել է Իգնատի Առաքելյանը: 
Իր հերթին նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը հորդորել է հանդիպման մասնակիցներին առաջիկա օրերին արդեն սկսել բանակցությունները պայմանագրերի կնքման ուղղությամբ, որպեսզի սեղմ ժամկետներում սկսվի գյուղտեխնիկայի վաճառքի գործընթացը: Նա նաև հավելել է, որ ծրագրի շահառուներ կարող են դառնալ թե' մասնավոր հատվածի, թե' տեղական ինքնակառավարման մարմինների կառույցներ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ծրագրի իրագործմանը վերաբերող մի շարք հարցերի, այդ թվում` հնարավոր ռիսկերին, պայմանագրերի կնքման ընթացակարգին, ներկրվող տեխնիկայի ետերաշխիքային սպասարկմանը և այլն: 
 Ծրագրի հիմնական նպատակը գյուղացիական տնտեսություններին մատչելի պայմաններով, մասնավորապես լիզինգային մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումն է, ինչը հնարավորություն կտա սկսել հանրապետության գյուղտեխնիկայի պարկի վերազինումը: 
Շահառուները կարող են գյուղտեխնիկա ձեռք բերել մատչելի պայմաններով` 20 տոկոս կանխավճարով, տարեկան 2 տոկոս տոկոսադրույքով, 3-10 տարի մարման ժամկետով` կախված տեխնիկայի տեսակից:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի բաժին