«Հաց բերող» Արթուր Սարգսյանի դիահերձումը տեղի կունենա այսօր՝ մարտի 18-ին, «դատաբժշկականում»: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարան»-ի մամուլի պատասխանատու Սյուզան Սիմոնյանը:

 

Թե երբ կլինի Արթուր Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը, Սյուզան Սիմոնյանը դժվարացավ ասել, քանի որ դիահերձման գործընթացը օրեր կպահանջի:

 

Սյուզան Սիմոնյանը կարևորեց հանձնաժողովի կազմումը և դիահերձման ընթացքի տեսանկարահանումը. «Շատ կարևոր է հանձնաժողովի առկայությունը և դիահերձման ընթացքի տեսանկարահանումը, որով պետք է պարզվի Արթուրի մահվան հանգամանքը և մեղավորները պատժի ենթարկվեն: Սա հուլիս ամսից սկսած դանդաղ սպանություն էր, ուղղորդված կերպով սպանեցին նրան: Այժմ մեր պահանջն է՝ նրան հուղարկավորել Եռաբլուրում՝ հերոսին արժանի ձևով»:

 

Նշենք, որ Արթուր Սարգսյանի մահվան դեպքով ՀՀ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ:

 

«ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ ստեղծվել է քննչական խումբ, մշակվել է քննչական պլան։ Արսեն Սարգսյանը ճանաչվել է տուժողի իրավահաջորդ: Արթուր Սարգսյանի մահվան պատճառները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի կատարմանը հնարավորություն կտրվի մասնակցելու տուժողի իրավահաջորդին և նրա ներկայացուցիչներին»,-ասված է Քննչական կոմիտեի հայտարարության մեջ:

 

Արթուր Սարգսյանի իրավահաջորդ ճանաչված Արսեն Սարգսյանը նրա հարազատ եղբայրն է:

 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Հաց բերողի» դատաբժշկական փորձաքննության կատարմանը մասնակից են լինելու Վրաստանից եկած մասնագետները, գումարի հարցն արդեն լուծվել է։ Վարույթն իրականացնող մարմինը տուժողի՝ Ա.Սարգսյանի հարազատներին կամ նրանց կողմից առաջարկած մասնագետներին հնարավորություն կընձեռի, ցանկության դեպքում, մասնակից լինել դատաբժշկական փորձաքննության կատարմանը՝ գործող օրենսդրության շրջանակներում:


Հավելենք՝ կյանքից վաղաժամ հեռացած Արթուր Սարգսյանը 49 տարեկան էր, ամուսնալուծված էր, ուներ ամուսնացած դուստր: Նրա ընտանիքը 20 տարուց ավել՝ ապրում է ԱՄՆ-ում: Արթուրը ծնվել և մեծացել էր Երևանի կենտրոնում, կարիքներից ելնելով՝ կորցրել տունը և տեղափոխվել գյուղ, որտեղ ապրում էր մոր և եղբոր հետ: Իսկ վերջին շրջանում բնակվում էր Երևան քաղաքում, վարձակալական հիմունքներով:

 
Սոնա Հարությունյան