Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Եղվարդ քաղաքի մի խումբ քաղաքացիներ որոշել էին տեղի Սուրբ Աստվածածին եկեղեցում Հաց բերող Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված մոմավառություն կազմակերպել: Արարողությունը գլխավորելու համար նախօրեին ձեռք բերված պայմանավորվածությունը, սակայն, նշված եկեղեցու քահանա Տեր Հովնանը խախտել է:

«Ինձ վերևից ասել են, որ չեմ կարող անել»,-պատմում է կազմակերպիչներից մեկը:

Այս առնչությամբ հայտարարություն է տարածել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի մամլո դիվանի պատասխանատու Տեր Վահրամ քահանա Մելիքյանը, որում մասնավորապես ասվում է.

«Այսօր Կոտայքի թեմի Եղվարդի Ս. Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, որի հետևանքով հոգևոր հովիվ Տ. Հովնան քահանա Մաթևոսյանը հրաժարվել է հոգեհանգստյան կարգ կատարել Արթուր Սարգսյանի համար և հորդորել ներկաներին պարզապես իրենց մոմը վառել և աղոթք կատարել եկեղեցում, ցանկանում եմ պաշտոնապես պարզաբանել հետևյալը։

Ոչ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ոչ էլ Կոտայքի թեմի առանորդ Տ. Առաքել արք. Քարամյանի կողմից որևէ հրահանգ չի եղել եկեղեցիներում Արթուր Սարգսյանի համար հոգեհանգիստ չկատարելու վերաբերյալ։ Ի դեպ, Արթուր Սարգսյանի համար վերջին երկու օրերին հոգեհանգիստ է կատարվել արդեն մի շարք եկեղեցիներում ինչպես Հայաստանում, այնպես և Սփյուռքում։ Հայոց Եկեղեցին հոգեհանգստյան կարգ կատարում է իր բոլոր զավակների համար։

Հոգեհանգիստ չկատարելու որոշումը կայացվել է տվյալ քահանայի կողմից, երբ նա նկատել է, որ փորձ է կատարվում եկեղեցական արարողությունը քաղաքականացնել, երբ նրան սկսել են հարցումներ ուղղվել տեսախցիկի առջև։

Հորդորում ենք մեր Եկեղեցու զավակներին չտրվել հուզումներին, իսկ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին կոչ անում չշահարկել հանգուցյալ Արթուրի պարագան և զերծ մնալ անհարկի մեկնաբանություններից ու հանիրավի մեղադրանքներից»։

Իրադարձության վերաբերյալ առավել մանրամասն դիտեք armlur.am-ի պատրաստած ռեպորտաժում