Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Արմենուհի Պողոսյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ 2012 թվականի դեկտեմբերի 20-ի դատավճռով 38-ամյա Արմենուհի Պողոսյանին մեղավոր է ճանաչել թրաֆիքինգի՝ շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելու, տեղափոխելու, ինչպես նաև սեռական շահագործման ենթարկելու համար:

Արմենուհին, ըստ դատավճռի, նախնական համաձայնության է եկել քույրերի՝ ԱՄԷ-ում բնակվող Արմանուշի և ՀՀ-ում բնակվող Հայկանուշի հետ: Նրանք խաբեությամբ ու կեղծ խոստումներ տալով Դուբայ են տեղափոխել մի խումբ հայ կանանց՝ Գեղեցիկին, Ալինային, Ասյային, Լուսինեին, Սուսաննային, բռնություն գործադրելու սպառնալիքներով, վախեցնելով ու արաբ «տապոռիկներով» ահաբեկելով, կանանց վիճակի խոցելիությունն օգտագործելով՝ ներգրավել են մարմնավաճառության ոլորտ՝ պահելով պոռնկության շահագործման վիճակում և ստանալով նրանց վաստակած գումարները:

Տուժողներից երեքը՝ Ալինան, Գեղեցիկը և Լուսինեն ձմռանը ամառային շորերով, առանց գումարի Դուբայից հասել են Երևան:

Արմենուհի Պողոսյանի երկու քույրերը նրանից էլ վաղ բռնվել ու դատապարտվել են: Նրանք, Արմենուհին էլ նրանց հետ, ներկայումս գտնվում են կալանավայրում:

Քույրերը՝ Արմանուշն ու Հայկանուշը, մեղադրանքի լրիվ ծավալով իրենց մեղավոր են ճանաչել:

Իսկ Արմենուհին թրաֆիքինգի համար իրեն մեղավոր չի ճանաչել, պնդել է, որ քույրերի հետ նախնական համաձայնության չի եկել, այս գործով տուժող ճանաչված աղջիկներին առանց հետին մտքի և առանց շահագործման նպատակի, չհասկանալով, որ քրեորեն պատժելի արարք է կատարում, օգնել է Դուբայում, սկզբնական շրջանում նրանց համար եղել է թարգմանիչ: Նրանք իրենց կամքով են Դուբայ մեկնել, այնտեղ զբաղվել մարմնավաճառությամբ: Նրանց աշխատած գումարներն ինքը չի տնօրինել: Այդ աղջիկները նախկինում ու ներկայումս էլ մարմնավաճառներ են, ոչ ոք նրանց չի խաբել, կեղծ խոստումներ չի տվել:

Այն, որ տուժողների մեծամասնությունը իր դեմ մեղադրող ցուցմունքներ է տվել, պնդել առերես հարցաքննության ու դատաքննության ժամանակ, Արմենուհին բացատրում էր իր քրոջ՝ Արմանուշի, հետևաբար և իրենց ընտանիքի նկատմամբ աղջիկների ունեցած չարությամբ և վրեժ լուծելու ցանկությամբ:

Տուժողներից՝ Ասյան, ով մեկ այլ գործով դատապարտյալ էր, գտնվում էր կալանավայրում, ինչպես նաև Արմենուհու քույրերը՝ դատապարտյալներ Արմանուշն ու Հայկանուշը, հարցաքննվեցին ընդհանուր իրավասության դատարանում և հայտնեցին, թե Արմենուհին կապ չի ունեցել երկու քրոջ բռնած գործերի հետ, նրանց հետ նախնական համաձայնության չի եկել և թրաֆիքինգ չի կատարել:

Ընդհանուր իրավասության դատարանը այս դատապարտյալների դատաքննական ցուցմունքներն անարժանահավատ գնահատեց, եզրակացրեց, որ դրանց նպատակն է Արմենուհուն զերծ պահել քրեական պատասխանատվությունից: Դատարանը հիմք ընդունեց նրանց նախաքննական ցուցմունքները:

Արմենուհի Պողոսյանը, մեղավոր ճանաչվելով, վերջին հաշվով դատապարտվեց 6 տարի 10 ամիս 9 օր ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2011 թվականի դեկտեմբերի 20-ից:

Դատարանը վճռեց Արմենուհի Պողոսյանից հօգուտ պետբյուջեի բռնագանձել 2 միլիոն 189 հազար 039 դրամ՝ որպես դատական ծախս: Այս գումարի մեջ մտնում են Արմենուհուն Մոսկվայից Հայաստան տեղափոխելու համար կատարված ծախսերը:

Արմենուհի Պողոսյանի անվամբ բանկային հաշվում առկա 14 հազար 699 դոլարի վրա կալանք է դրված:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին բերել Արմենուհի Պողոսյանն ու իր շահերի պաշտպան Տ. Գրիգորյանը:

Ամբաստանյալ Պողոսյանը վերաքննիչ դատարանում դժգոհեց, որ ընդհանուր իրավասության դատարանը հաշվի չի առել տւժող Ասյայի, ինչպես նաև իր քույրերի դատաքննական ցուցմունքները, որտեղ նրանք հաստատում էին, թե ինքը կապ չի ունեցել քույրերի գործերի հետ:

Արմենուհին պահանջեց վերանայել դատավճիռը, կայացնել արդարացի դատական ակտ: Նա համաձայն չէր նաև դատական ծախսերը իրենից բռնագանձելու, իր բանկային հաշվի վրա դրված կալանքը անփոփոխ թողնելու՝ ընդհանուր իրավասության դատարանի եզրահանգման հետ:

Եթե Արմենուհու պահանջը՝ «արդարացի դատական ակտ» կայացնելու վերաբերյալ, անորոշ էր, ապա նրա շահերի պաշտպանի բողոքը և ներկայացրած պահանջը կոնկրետ էին. հաշվի առնել դատաքննության ժամանակ ձեռք բերված ապացույցները, բեկանել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, դադարեցնել Արմենուհի Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը, կայացնել օբյեկտիվ դատական ակտ:

Արմենուհի Պողոսյանի շահերը ներկայացնող Տ. Գրիգորյանը հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան է: Արմենուհու քույրերի պաշտպանությունը ևս ժամանակին իրականացվել է հանրային պաշտպանների կողմից: Թրաֆիքինգի համար դատապարտված քույրերը դատարաններում ներկայացրել են, որ սոցիալապես անապահով են, անկարող են վճարել փաստաբանական ծառայությունների համար:

Մեղադրող Ա. Դավթյանն առարկեց բերված վերաքննիչ բողոքների դեմ:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Արմենուհի Պողոսյանի և իր շահերի պաշտպանի վերաքննիչ բողոքները և ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողեց անփոփոխ:

Արմենուհի Պողոսյանն ասաց, թե բողոքելու է Եվրադատարան:

Հնարավոր է, որ օրերից մի օր Եվրադատարանի քննության առարկան դառնա հայ կանանց սեռական ու շահագործողական վարքագիծը Դուբայներում: Կամ՝ հայաստանյան դատարանների խստահայացությունը թրաֆիքինգի համար մեղավոր ճանաչված հայ կանանց նկատմամբ: