Այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ պետք է մարմնավաճառների համար Երևանում հատուկ տեղեր հատկացնել, որպեսզի նրանք չխանգարեն քաղաքի բնակիչների անդորրն ու այն մարդն, ով չի ցանկանում տեսնել կամ լսել նրանց, ստիպված չլինի հանդուրժել մարմնավաճառների առաջացրած աղմուկ-աղաղակը:

 

«Ամբողջ աշխարհում դա ընդունված կարգ է, Եվրոպայում դա ընդունված ձևաչափ է: Ինչո՞ւ ես պետք է իմ պատուհանի տակ հանդուրժեմ մարմնավաճառների աղմուկը: Բացի այդ՝ նրանց գործունեությունը պետք է լեգալացնել, թող փող տան դրա համար: Մեկ է՝ վերացնել դա չենք կարող: Միշտ էլ եղել է, ինչ է՝ կոմունիստների ժամանակ մարմնավաճառ չկա՞ր: Միշտ էլ եղել են, թող առանձին տեղ ունենան, ինչ ուզեն-անեն»:

 

ՀԿԿ-ի  թեկնածու Տաճատ Սարգսյանն, անդրադառնալով Հրանտ Բագրատյանի այս դիտարկմանը, նշեց. «Ոնց թե՝ կոմունիստների ժամանակ մարմանավաճառներ չե՞ն եղել, ո՞վ է ասում, որ եղել են: Պարոն Բագրատյանն առաջարկում է նրանց լիցենզիա և տարածք տալ, ես ասում եմ՝ ո՛չ, պետք է արգելել, դա անբարոյականություն է: Չեմ ասում տանել-կախել, բայց պետք է անել ամեն բան՝ դրանց քոքը կտրելու համար»:

 

Աղավնի Սուքիասյան