Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ մեկ ամսականում մահացած Միքայել Դունամալյանի հարազատները փոքրիկի մահվան մեջ մեղադրում են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժիշկներին: Փոքրիկը մահացել է գանգի կոտրվածքի հետևանքով:

Երեխան ծնվել էր հունվարի 10-ին, մահացել մեկ ամիս անց՝ փետրվարի 10-ին:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում մահացած փոքրիկի տատիկը՝ Անահիտ Սարիբեկյանը փոխանցեց. «Գործը հասել է գլխավոր դատախազություն: Ես իմ բողոքը ներկայացրի և ասացի՝ մեր պահանջը միայն անալիզների հետազոտման արդյունքները չկեղծելն է: Ինձ վստահեցրին՝ ամեն բան ճիշտ կլինի, քանի որ մեր գործը հսկվում է»,- ասաց նա՝ ավելացնելով, որ գործն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:

Անահիտ Սարիբեկյանն ընդգծեց՝ այժմ իրենց պահանջն ամենաբարձր ատյաններում է հնչում և սպասում են անալիզի պատասխաններին:

Նշենք՝ մահացած փոքրիկի հարազատները պատրաստ են անգամ անալիզները հետազոտման տանել արտասահման:

Հավելենք, որ այս դեպքի առնչությամբ փետրվարի 10-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացնելը տուժողի մահ) հատկանիշներով: