Շատ է խոսվել այն մասին, որ Հայաստանում իրական բարեփոխումների հասնելու համար առաջնային պայմաններից մեկն էլ քաղաքական սերնդափոխության իրականացման հարցն է: Այս համոզմունքը, որը, պետք է նկատել՝ միանգամայն օբյեկտիվ է ու իրականության հետ համահունչ, բխում է այն իրողություններից, որոնցում այսօր Հայաստանն ապրում է:
Իսկ իրողություններն այդ ամենևին էլ հաճելիներից չեն. քաղաքականության մեջ ներգրավված ավագ սերունդը Հայաստանում սեփական գործունեությունն ու աշխարհայացքը կառուցել ու հիմա էլ շարունակում է հիմնել վաղուց հնացած մեթոդների ու գործունեության կերպերի վրա. խորհրդային ժամանակների քաղաքական ամենավատ ավանդույթներն անգամ շատ ավելի ընկալելի էին, քան քաղաքական ներկան:

Ցավոք, որքան էլ դաժան լինի խոստովանելը, փաստ է, որ հայաստանյան քաղաքական համակարգում չափազանց ուժեղ է «անձի պաշտամունք» կոչվող երևույթը: Ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ քաղաքական գործիչը, կամ գոնե ֆորմալ առումով այդպիսին հանդես եկողը, որպես սեփական գործունեության նպատակ ու վերջնակետ՝ դիտարկում է գլխավորապես իր կուսակցության լիդերին: Այս ամենի արդյունքում տուժում է հասարակությունը և, եթե կուզեք՝ նաև պետությունը, քանի որ փոխարենն, ասենք, կենտրոնանալու հանրօգուտ, նույիսկ ազգօգուտ աշխատանքի վրա, փոխարենը մտածելու՝ ինչպես կարելի է ծառայել հասարակությանը, շատերն ընդամենը մեկ բանով են զբաղված՝ հասարակության շահերի հաշվին հաճոյանալ սեփական լիդերին:

Որպես ասվածի անգերազանցելի օրինակ կարող է հանդիսանալ ԱԺ պատգամավորներից, ասենք, նույն Առաքել Մովսիսյանն, ում, պայմանական ասած քաղաքական գործունեությունը սահմանափակվում է ընդամենը հայհոյախոսությամբ, ու թքած, թե այդ ամենի արդյունքում ինչ տպավորություն կստեղծվի, թքած, թե, ասենք, նույն Ազգային ժողովի համբավը որքանով կտուժի և այլն: Այս ճանապարհը, բնականաբար, ոչ մի տեղ չտանող ճանապարհ է ու կործանարար է թե՛ պետության, թե՛ հասարակության, ու թե՛ նույնիսկ նմանատիպ վարք ցուցաբերողի համար:

Հարց՝ ի՞նչ պետք է անի եկող սերունդը քաղաքականության մեջ, հատկապես ի՞նչ բնույթի փոփոխությունների պետք է ձեռնամուխ լինի և գործունեության ի՞նչ կերպ պետք է որդեգրի, որպեսզի վերջապես հասնի քաքաղաքական համակարգի այնպիսի բարեփոխումների, որոնք հիմք կհանդիսանան խաղի կանոնների վերաֆորմատավորման, կհանգեցնեն ռեալ փոփոխության:

Պետք է հասնել այն բանին, որ քաղաքական գործունեություն ծավալող ամեն մի անհատի գործունեություն միտված լինի նախևառաջ հասարակությանը. հասարակությունը պետք է դառնա բուն շահառուն, այլ ոչ թե առանձին վերցրած անհատը: Դրան զուգահեռ՝ պետք է հստակ վերաբերմունք լինի կուսակցության ղեկավարի նկատմամբ, նախագահական ինստիտուտի նկատմամբ պետք է խորագույն հարգանք լինի և այլն, սակայն քաղաքական գործիչները պետք է առավելապես ձգտեն ընկալելի դառնալ հասարակության կողմից, սիրվել, այլ ոչ թե հանուն սեփական նեղանձնային շահերի, սազն առած ձեռքները, յոթ երգ երգեն, յոթն էլ առաջնորդների մասին. կուռքեր մեզ հարկավոր չեն:

Իսկ այն, որ բարեփոխումների կարիք՝ այսօր օբյեկտիվորեն Հայաստանում զգացվում է, այն, որ գրեթե բոլորն էլ հասկանում են խնդրի լրջությունը, կասկած լինել չի կարող: Քաղաքական դաշտի հին սերնդին նորով փոխարինելը, սա պետք է հստակ գիտակցվի, ինքնանպատակ չէ, ու եթե եկողները նախևառաջ սեփական հոգեբանությամբ տարբեր չլինեն հներից, իրականում ոչինչ էլ չի փոխվելու ու Հայաստանը շարունակելու է դոփել տեղում: Հետևաբար՝ այստեղ հարցը ոչ միայն եկողների տարիքային գործոնն է, այլ նրանց դավանած արժեհամակարգը. դրսում 21-րդ դարն է, ու սա պետք է հաշվի առնել:


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ