Ի պատասխան Արամ Զավենի Սարգսյանի հերթական հայտարարությանը Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ, ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը մեզ հետ զրույցում նշեց. «Եթե Արամ Զավենի Սարգսյանը ընդդիմադիր լինելու չափորոշիչ է համարում սեփականություն ունենալը, ապա Արամ Զավենի Սարգսյանին հիշեցնենք, որ ինքը ևս Արարատում խոշոր սեփականատեր է'մասնավորապես, ունի կրի հանք և ըստ այդմ, Արամ Սարգսյանի չափորոշիչներով ինքը որևէ կերպ չի կարող լինել ընդդիմադիր: Ի դեպ Արամ Սարգսյանին է պատկանում նաև Արարատ ցեմենտի հին գործարանը, որը վերջինս աշխատեցնելու ունակություն չունենալու պատճառով «զապչաստ»' մաս-մաս վաճառում է: Արամ Սարգսյանը, փաստորեն, սեփական օրինակով ապացուցում է, որ ինքը ընդդիմություն չէ այլ իշխանության շահերի սպասարկու: Ի դեպ, առնվազն հասկանալի չէ, թե ինչպե՞ս կարող է այս իշխանության հրաժարականը պահանջել մեկը, որի եղբայրը աշխատում է ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող նախարար Վիգեն Սարգսյանի օգնական, և ամեն ինչ անում է այս իշխանության վերարտադրության համար: Իսկ ինչ վերաբերում է «Արարատ ցեմենտին», եթե Արամ Սարգսյանի հիշողությունը լուրջ տատանումներ ունի, ապա վերջինիս հիշեցնեմ, որ «Արարատ ցեմենտը» իր ղեկավարության տարիներին Ռուսաստանին կուտակել էր գազի ահռելի պարտքեր, և որպիսի գործարանը չանցնի ռուսական կողմին, Գագիկ Ծառուկյանը պարզապես փրկել է գործարանը»: