Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ եթե Ադրբեջանը պատրաստ չլիներ փոխզիջման, ընդհանրապես չէր մասնակցի բանակցությանը: Սակայն դժվար թե Տեր-Պետրոսյանի նման ռացիոնալ մտածող քաղաքական գործիչը չգիտակցեր այն փաստը, ոը բանակցությունների սեղանի շուրջ նստում են այդ գործընթացից մաքսիմալը պոկելու նպատակով:

Այս պահին ուշագրավ է, թե ինչու է Լևոն Տեր-Պետրոսյանի հռետորաբանությունը նման երանգավորում ստացել: Երբ շաբաթներ առաջ՝ ԼՏՊ-ի հերթական ելույթից հետո նոր թափով սկսեցին խոսել հողեր հանձնելու մասին, վերլուծաբանների մեծ մասը հակված էր դա վերագրել ՀԱԿ-ականների ակտիվությունը՝ թյուրըմբռնման, նեղ մտածողության կամ էլ ժամանակավոր սխալականության, բայց երբ հող հանձնելու անհրաժեշտությունը դարձավ ՀԱԿ-ի քարոզարշավի լեյտմոտիվը, բոլոր այդ թյուրըմբռնումներն անէացան։

Լևոն Տեր-Պետրոսյանը լինելով փայլուն ստրատեգ Արցախյան հարցի կարգավորման մեջ, պաշտոնական Բաքվին դիրքերը նման կերպ է բնորոշել՝ նպատակ ունենալով փաստարկել սեփական նախընտրական ծրագրում Արցախին վերաբերվող դրույթները: Իսկ հույսը, բնականաբար, 7 տոկոսանոց շեմի հաղթահարելն է: Բնականաբար, Տեր-Պետրոսյանը քաջ գիտակցում է որ հինգ տարին անգամ բավարար չի լինի Արցախյան հարցում իր տեսակետը հանրության համար ընդունելի և հասկանալի դարձնելու համար:

Հետևաբար նման կարգի նախաձեռնությունները միտված են ընդամենը հասարակության «ջերմաստիճանը ստուգելուն», շոշափելու հանրային տրամադրությունները և հասկանալու՝ որքանով է ընդհանրապես իրատեսական 2018թ-ից հետո հողեր հանձնելու ծրագրի իրականացումը: ՀԱԿ առաջնորդը Արցախի խնդրում իր մոտեցումը ընտրական գործընթացի իր մասնակցության մեխ հռչակեց ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթից կարճ ժամանակ անց, որը տրամաբանության առումով պատասխան կամ արձագանք էր Սարգսյանի ելույթին:

ՀՀԿ համագումարում նախագահ Սարգսյանը հանդես եկավ մեր քաղաքական դաշտը ընդարձակելու և ընդդիմության և իշխանության սահմանագիծը հստակեցնելու առաջարկով: Այսօր, Լևոն Տեր-Պետրոսյանը առաջարկում է այդ սահմանը գծել հենց Արցախի խնդրով՝ սահմանելով իշխանությունների հետ երկխոսության նոր ֆորմատը:

Թե Սերժ Սարգսյանը, թե Լևոն Տեր-Պետրոսյանը գիտակցում են, որ մոտ ապագայում Արցախյան թնջուկը չի հանգուցալուծվելու, նաև այն պատճառով, որ հանգուցալուծման բանալիները ոչ Երևանի, ոչ Էլ Բաքվի ձեռքերում են: Հետևաբար շարունակվելու է դիրքային, բանակցային խուլ պայքարը, ասել է թե՝ ստատուս քվոն: ՀԱԿ առաջնորդն այդ իմաստով Սերժ Սարգսյանին առաջարկում է այդ դիրքային երկարատեւ պայքարի ներքին երկբևեռ մեխանիզմ մշակել:

Կընդունի նախագահը այդ առաջարկը, թե ոչ՝ դժվար է ասել: Անշուշտ, Տեր-Պետրոսյանի կողմից հարցի նման ձևակերպման պարագայում ինքը հայտնվում է չափազանց հարմարավետ պայմաններում՝ քանի որ կարող է հակադրվել հողերը հանձնելու ոչ պոպուլյար թեզին՝ հանդես գալով շատ ավելի բարենպաստ լույսի ներքո:

Իհարկե Տեր-Պետրոսյանը նրա համար ստեղծել է անհրաժեշտ ֆոնը, թեեւ Սարգսյանի համար դա իհարկե անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Գործող նախագահը դեռեւս լռում է իր քաղաքական ապագայի մասին և պարզ չէ, թե արդյոք նրա ձեռքին է մնալու Արցախի խնդրում պետական քաղաքականությունը վերաձեւակերպելու լծակը:

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ