Ադրբեջանում կալանքի տակ պահվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը շարունակում է վատթարանալ: Այս մասին հայտնել է նրա կինը' Եկատերինան:

Կինն ընդգծել է, որ եթե մարտի 17-ին Լապշինի հետ հեռախոսազրույցի ժամանակ բլոգերը խոսել էր առողջական վիճակի վատացումից, ապա մարտի 21-ի հեռախոսազրույցն ավելի լուրջ մտավախություններ է առաջացրել: «Բացի գլխացավից, որը վերջին օրերին դարձել է նրա մշտական «ուղեկիցը», երեկ երեկոյան քթից արնահոսություն է ունեցել: Հարցին, թե ինչ է այդ մասին ասում քննչական մեկուսարանի բժիշկը, նա պատասխանեց, որ ընդհանուր առմամբ ոչ մի բան»,- նշել է Եկատերինան:

Նա հայտնել է, որ Ալեքսանդր Լապշինի առողջական վատ վիճակի մասին տեղեկացրել է թե հյուպատոսարաններին, թե Կարմիր խաչին' ակնկալելով աջակցություն, որպեսզի ամուսնուն տրամադրվի անհրաժեշտ օգնություն և նա անցնի բուժզննում:

Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել էր Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ: Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել էր Մինսկից Բաքու ' պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:

Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում: