Շահումյանի գերեզմանատանը տեղի ունեցավ Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» հուղարկավորությունը: Ինչպես հայտնում է ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը, հարյուրավոր քաղաքացիներ եկել էին վերջին հրաժեշտը տալու «Հաց բերողին»: Հուղարկավորությանը ներկա էին նաև ՕՐՕ դաշինքի անդամ Սեյրան Օհանյանը, Արմեն Մարտիրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, ակտիվիստներ, ովքեր Ազատության հրապարակում օրեր շարունակ նստացույց էին հայտարարել Արթուրին ազատ արձակելու պահանջով, դերասաններ, քաղաքական գործիչներ և այլք: 

Ի դեպ՝ մի խումբ քաղաքացիներ Ազատության հրապարակում պայքարում էին, որ «Հաց բերողին» հուղարկավորեն Եռաբլուրում: Անգամ ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանն էր կալանավայրից նամակ հղել վարչապետին՝ Եռաբլուրում իրեն հատկացվելիք տեղը Արթուրին տրամադրելու խնդրանքով, սակայն Արթուրի եղբայրը համաձայնել էր, որ նրան հուղարկավորեն Շահումյանի գերեզմատանը: 

«Հաց բերողը» մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում՝ մարտի 16-ին՝ մարդկային անտարբերության հետևանքով: Նրա մոտ առկա հիվանդությունները կալանքի հետ անհամատեղելի էին, սակայն, գործով ՀՔԾ քննիչ Էդիկ Հակոբյանը, հակառակ դրան, դատարան միջնորդություն էր ներկայացրել Արթուր Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ։ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանն էլ բավարարել էր քննիչի միջնորդությունը և երկամսյա կալանք սահմանել։ Դրանից հետո «Հաց բերողը» հացադուլ հայտարարեց, ինչից հետո էլ ավելի վատացավ նրա առողջական վիճակը։