Որքան ընտրությունների օրը մոտենում է, այնքան առավել լարված և շիկացած է դառնում նախընտրական մթնոլորտը. դրա մասին են վկայում գրեթե յուրաքանչյուր օր գրանցվող միջադեպերը, որոնք ակամայից հիշեցնում են 90-ականների դառը ավանդույթների շարունակությունը: Ստեղծված իրավիճակը առաջին հերթին ահազանգ է իշխանությունների համար.

Հարց է առաջանում՝ արդյոք Հայաստանում նախընտրական իրավիճակը կառավարելի է իշխանությունների համար, թե ոչ: Եթե իրավիճակը վերահսկվում է իշխանությունների կողմից, ապա ինչու են գրանցվում նման դեպքեր՝ հաճախ հասնելով արյունահեղության, դժվար է հավատալ, որ իշխանությունները այն աստիճան են սպառել իրենց ներուժը, որ ի վիճակի չեն կանխել այս կարգի ապակայունացնող միջադեպերը, կամ առնվազն՝ ադեկվատ արձագանք տալ այս ամենին՝ նաև իրավական հարթության մեջ:

Հենց սա է իշխանություններից պահանջում հասարակությունը: Հետևաբար իշխանությունների նման պասիվությունը կարելի է դիտարկել իբրև ազդակ, որ այս գործընթացները և իրավիճակի սրումը բնավ պատահական չէ, և ուղղված է շատ կոնկրետ խնդրի լուծմանը: Իշխանությունները չեն փակում այս եռացող կաթսայի կափարիչը՝ թույլ տալով, որպեսզի բացասական տրամադրությունների գոլորշին դոզարվորված արձակվի՝ դրանով իսկ կանխելով ավելի մեծ պայթյունը, ինչը բնավ բացառել պետք չէ:

Իշխանությունը զգալի ջանքեր է գործադրել, բայց ոչ թե իրավիճակը բարեփոխելու և հանրային դժգոհության ու ընդվզման առիթներն ու պատճառները վերացնելու համար՝ այդ մասով եղավ նույնիսկ հակառակը, այլ ընդվզման ծավալումը կանխարգելող իրավիճակների, մեխանիզմների ձևավորման համար:

Երկրում ստեղծված իրավիճակը, անկասկած, հակասական է: Առաջին հայացքից, նախընտրական գործընթացները աչքի չեն ընկնում իրենց արտասովորությամբ: Սակայն, մյուս կողմից, ոչ սովորական է իրավիճակը՝ միջազգային կառույցների կողմից իշխանությունների վրա դրված պարտավորվածությունների տեսանկյունից:

Հետևաբար, հայաստանյան ընտրական մթնոլորտը դառնում է անհամարժեք այն իրողություններին, որ տալիս են ներկայիս ընտրությանն առանձնահատկություն: Այդ պայմաններում իշխող համակարգը իր ամբողջության մեջ թերևս ավելի պատրաստ է հետընտրական զարգացումներին, քան որևէ սուբյեկտ, որն իր հաշվարկներում կարող է ներառել նաև զարգացման և գործողությունների այդ տարբերակը:

Իշխանությունների համար ակնհայտ է, որ հետընտրական կայունությունը դեռևս ապահովված չէ, հետևաբար այս պահին նրանք ջանալու են ողջ ուժերը կենտրոնացնել հետընտրական հնարավոր ռիսկերը չեզոքացնելու համար: Իսկ ընտրությունների անբիծ ընթացքի ապահովումը բնավ էլ իշխանությունների առաջնահերթությունների մեջ չի մտնում:

 

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ