«Ես սպասում էի հիմնավոր փաստարկների, թե ինչու է հողեր տալու տարբերակը բերելու խաղաղության, սակայն ավելի շատ լսեցի այլ դատողություններ: Ինչի մասին խոսում էր Լևոն Տեր-Պետրոսյանը ցանկության և քաղաքականության ոլորտից էր»: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Արա Պապյանը՝ խոսելով Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդաշարի եթերում ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Արցախի հակամարտության և դրա վերաբերյալ նրա դիրքորոշումների մասին:

Արա Պապյանը նշեց՝ ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի, ՀԱԿ-ը քարոզչության հիմանական նյութ է վերցրել Արցախի հարցը, խաղաղությունը. «Աշխարհում չկա մի մարդ, որը դեմ լինի խաղաղությանը, պարզապես այն ծրագիրը, որն առաջարկվում է, դա ոչ թե խաղաղության, այլ պատերազմի ծրագիր է: Այսինքն, հանձնվում են մեր անվտանգությունը ապահովող տարածքները, որի դիմաց ստանում ենք ընդամենը խոստում»:

Անդրադառնալով՝ «Արցախի վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական տարածքներ» տերմինին, որն իր խոսքում օգտագործեց ՀՀ առաջին նախագահը, քաղաքագետն ասաց. «Այստեղ ադրբեջանական բառն ավելորդ էր: Այդ դեպքում ես հարց ունեմ՝ ո՞ր միջազգային փաստաթղթով է Ադրբեջանի տիտղոսը ամրագրվել, օրինակ, Քարվաճառի վրա, չկա՛ նման բան: Դա եղել է զիջելի տարածք, որի վրա Ազգերի լիգան առաջարկել է Հայաստանի տիտղոսը, այսինքն, Հայաստանը ավելի շատ իրավական հիմքեր ունի, քան՝ Ադրբեջանը: Սակայն, որևէ հիմք չկա այդ տարածքները կոչելու ադրբեջանական»:

Լևոն Տեր-Պետրոսյանն իր խոսքում ասաց, որ Ադրբեջանը, եթե պատրաստ չլիներ փոխզիջումների, չէր մասնակցի Մինսկի խմբի գործընթացներին: Քաղաքագետը, սակայն, հակադարձեց, ասելով՝ եթե չմասնակցեր, ապա ինչ պետք է աներ. «Ադրբեջանցիներն ասել են՝ հայերի տեղը լինեին, չէին մասնակցի բանակցություններին: Այս դեպքում, Ադրբեջանին կդնեինք փակուղու առաջ, որ իրենք ձեռք ու ոտք ընկնեին: Ես կարող եմ ասել, Ադրբեջանը մասնակցում է բանակցային գործընթացին ոչ թե պատրաստ է փոխզիջումների՝ դրա համար, այլ որ ժամանակ շահի՝ այլ պատճառներով»,- ասաց նա՝ նկատելով, որ եթե Ադրբեջանն ուզեր խաղաղության հարց լուծել, ապա այն կլուծվեր նույն Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ:

Դիտարկմանը՝ արդյոք ճիշտ էր ՀՀ առաջին նախագահի տեսակետը այն մասին, որ Ռուսաստանին ձեռք չի տալիս այս պայթյունավտանգ օջախի գոյությունը, քաղաքագետը նկատեց. «Ես կարող եմ ասել՝ Ռուսաստանը շահագրգռված է, որ կոնֆլիկտը շարունակվի, որպեսզի կողմերի վրա ազդեցություն ունենա, որպեսզի զենք ծախի, որպեսզի կաշառքներ վերցնի և հարստանան: Ճիշտ է Ռուսաստանը մեծ ազդեցություն ունի, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ կարող է անել, եթե կարողանար որևէ բան անել, ապա կաներ դեռևս 90-ականների սկզբին»: 

Սոնա Հարությունյան