Դիվանագիտության նկատմամբ մեզանում ձևավորված ոչ լուրջ վերաբերմունքի մասին հայտնի է ցանկացածին, ով գոնե մի փոքր հետաքրքրվում է քաղաքականությամբ, բայց հատկապես մեր երկրի կողմից վարվող արտաքին քաղաքականությամբ: Շատերը կհամաձայնեն այն մտքին, որ Հայաստանում դիվանագետի պաշտոնն ավելի շատ դիտարկվում է՝ մի զբաղմունք, որին հաճախ այնքան էլ լուրջ չեն վերաբերվում: Մասնավորապես՝ լրջագույն հարցականներ է առաջ բերում տարիներ ի վեր դիվանագիտական համակարգում վարվող այն կադրային քաղաքականությունը, որը չբնորոշել այլ կերպ, քան մի փոքր անլուրջ, ուղղակի չես կարող. հաճախ դիվանագիտական առաքելությունների են գործուղղվում մարդիկ, ովքեր ոչ միայն նույնիսկ հեռավոր աղերսներ չունեն այդ ոլորտի հետ, այլև նույնիսկ հասցրել են ապացուցել իրենց աշխատանքի անարդյունավետությունն, ասենք, նույն դեսպանի պաշտոնում:

Ի դեպ՝ դեսպանների մասին. արդեն հայտնի է դարձել, որ Բելառուսում Հայաստանի հանրապետությունը նոր դեսպան ունի, և դա, որքան էլ ոմանց համար կարող է տարօրինակ հնչել, Ռուսաստանում մեր երկրի նախկին դեսպան Օլեգ Եսայանն է, որը համատեղության կարգով նշանակվել է նաև Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ։ Հիշեցնենք, որ այդ պաշտոններում նախկինում Եսայանին փոխարինում էր Արմեն Խաչատրյանը:

Թե հատկապես ինչով է պայամանավորված հենց Օլեգ Եսայանի՝ մարդու, ում՝ ՌԴ-ում իրականացրած դիվանագիտական առաքելության տարիներին հայ-ռուսական հարաբերություններն իրենց լավագույն տարիները չէ, որ ապրել են, անկեղծ ասած, մի փոքր անհասկանալի է: Անկասկած է, որ մեր երկրի արտաքին հարաբերությունների ոլորտին հատուկ թերություններից մեկն էլ մերձավոր արտասահմանի երկրների հետ Հայաստանի ունեցած հարաբերությունների թերագնահատումն է: Հաճախ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե մերոնց համար այդ երկրները, որոնց մի քանիսի հետ, ի դեպ, Հայաստանը ռազմաքաղաքական դաշնակցային հարաբերությունների մեջ է գտնվում (գոնե ֆորմալ առումով), առավելապես դիտարկվում են՝ ոչ կարևոր, երկրորդական. համենայնդեպս՝ նույն ԵՏՄ անդամ երկրների հետ (բացի՝ Ռուսաստանից, թերևս) մեր ունեցած դիվանագիտական հարաբերությունների մակարդակը ոչ բավարար է, ինչը նշանակում է, որ հատկապես այս երկրների հետ հարաբերություններ կառուցելիս պետք է հաշվի առնվեն բոլոր նյուանսներն, ու այնպիսի մարդիկ գործուղվեն համապատասխան երկրներ, ովքեր հմուտ են իրենց գործում, ովքեր հստակ պատկերացում ունեն, թե ինչ ընդհանուր եզրեր կարելի է գտնել գործընկեր երկրների հետ ու թե ինչպես կարելի է լեզու գտնել նույնիսկ ամենաանբարյացակամների հետ:

Հիմա հարց է ծագում՝ որքանո՞վ է Օլեգ Եսայանն իր մեջ կրում դիվանագետին հատուկ մասնագիտական բավարար որակներ, կամ արդյոք այնպիսի բարդ երկրի հետ, ինչպիսին Բելառուսն է, հարաբերություններ կառուցելու գործին հնարավոր չէ՞ր լծել մեկին, ով գոնե իր դիվանագիտական նախկին առաքելությունը տապալած չլիներ: Իսկ այն, որ Եսայանը, այս տարիների ընթացքում ոչ մի էական դերակատարում չի ունեցել հայ-ռուսական հարաբերությունների խորացման գործում, ոչ ոք չի կարող հերքել. նույնիսկ ռուսական կողմի մի շարք ներկայացուցիչներ են պարբերաբար բողոքել, թե Ռուսատանում մեր երկրի դեսպանությունը խիստ պասիվ կեցվածք է որդեգրել, իսկ դեսպանն էլ այնքան աննկատ է գործում է, որ նույնիսկ չեն էլ իմանում՝ ով է նա: Եսայանի՝ Ռուսաստանում թողած աշխատանքային հետագծից կարելի է միանգամայն տրամաբանորեն ենթադրել, որ Բելառուսում ևս Եսայանի անունը շուտով չեն կարողանալու մտաբերել…

Ցավոք, այս ամենը փաստում է միայն այն, որ դեսպանի պաշտոնը շատ դեպքերում մեզանում դիտարկվում է, ասենք, հայեցողական պաշտոններին համահավասար մի բան. Հայաստանում, օբյեկտիվ է դա, թե՝ սուբյեկտիվ, դեռևս չկան այն հստակ չափորոշիչները կամ կրիտերիաները, որոնց բավարարելու պարագայում միայն այս կամ այն անձը կկարողանար հավակնել դեսպանի բարձր կոչմանը. կադրեր, անկասկած, ունենք, պարզապես չափորոշիչներն են ապադիվանագիտական…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ