Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանեց քրեակատարողական հիմնարկներում Ազգային ժողովի ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունների քվեարկության մեկնարկը: Մարտի 23-ին կայացած արտահերթ նիստի ընթացքում ՀՀ ԿԸՀ նախագահի տեղակալ Արմեն Սմբատյանը ներկայացրեց համապատասխան որոշման նախագիծը:

«Հաշվի առնելով քրեակատարողական հիմնարկներում ընտրողների թիվը' Կենտրոնական ընտրական հանձնաժողովին առաջարկվել է որոշման նախագիծ' հիմնարկներում քվեարկության մեկնարկը սահմանելու մասին, որը չպետք է լինի ժամը 09:00-ից շուտ: Քրեակատարողական հիմնարկները ընդհանուր առմամբ 12-ն են' «Երևան Կենտրոն»,«Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Արմավիր», «Կոշ», «Վանաձոր», «Հրազդան», «Սևան», «Աբովյան», «Արթիկ», «Գորիս»,- ասաց Սմբատյանը:

Առաջարկվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում քվեարկությունը սկսել ժամը 11:00-ից, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում' 12:00-ին: Մնացած քրեակատարողական հիմնարկներում առաջարկվում է որպես քվեարկության սկիզբ սահմանել ժամը 14:00-ն:

Արմեն Սմբատյանը հավելեց, որ որոշման նախագծում ներառված է նաև, թե տեղամասային ընտրական հանձնաժողովները քրեակատարողական հիմնարկներում երբ պետք է սկսեն աշխատանքը: Ըստ որոշման նախագծի' քրեակատարողական հիմնարկներում աշխատող տեղամասային ընտրական հանձնաժողովները իրենց աշխատանքը կսկսեն քվեարկության մեկնարկից մեկ ժամ առաջ:

Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունները կկայանան ապրիլի 2-ին: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մարտի 5-ից և կշարունակվի մինչև մարտի 31-ը: Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 9 քաղաքական ուժ, որից 5-ը կուսակցություններ են, 4-ը դաշինք: Ազգային ժողովի ընտրություններին կմասնակցեն Հայաստանի Հանրապետական, «Հայկական վերածնունդ», Հայաստանի Կոմունիստական, Հայ Յեղափոխական Դաշնակցություն, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները, ինչպես նաև «Ծառուկյան», «Ելք», Կոնգրես-ՀԺԿ և «Ելք&r aquo; դաշինքները: