Այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում Արարատի մարզի Վեդի քաղաքում էր «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

 

Ծառուկյանին այստեղ դիմավորեցին աղ ու հացով, զուռնա-դհոլով:

 

 

Մինչ ելույթը Գագիկ Ծառուկյանը հարգեց Վեդիից Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Անդրանիկ Զոհրաբյանի հիշատակը' ծաղիկներ դնելով նրա հուշաքարին:

 

 

Ծաղիկներ դրվեցին նաև Վազգեն Սարգսյանի հուշաքարին:

 

 

Գագիկ Ծառուկյանը տեղի բնակիչներին ներկայացրեց Դաշինքի համար առաջնահերթություն համարվող 15 կետերը՝ անդրադառնալով առողջապահությանը, թոշակների բարձրացմանը, օրեցօր աճող արտագաղթին: Անդրադառնալով վարկային համակարգին, նա դիմեց Վեդիի բնակիչներին. «Ո՞վ ունի վարկ», ինչին ի պատասխան՝  բնակիչների միաձայն արտասանեցին' մե՜նք:

 

 

 

Գագիկ Ծառուկյանը ելույթի ժամանակ խոսելով առողջապահական համակարգի խնդիրների մասին, նշեց, որ Եղեգնաձորում բնակիչների հետ հանդիպման ժամանակ մի սրտառուչ տեսարանի է ականատես եղել. «Երեկ 85 տարեկան տատիկ է ինձ մոտեցել, ոտքը երկու տեղից կոտրվածքով. ամուսինը մահացել է, ընտանիքը դրսում է: Հիվանդանոց է գնացել, 100 հազար դրամից ավելի գումար են ուզել՝ պետպատվեր չկա, տատիկն էլ փոռ-փոշման հետ է եկել: Ինչպե՞ս կարող էի այդպես թողնել նրան, ո՞վ կթողներ՝ այդպես մնա. 85 տարեկան կինը, կարծում եմ՝ ցանկացած մարդու որ դիմեր, այդ գումարը կտար, չէր թողնի ցավերի մեջ մնար»,-ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ հայտարարեց նա:

 

«Ամբողջ ազգը հիվանդ է, որովհետև փող չունի բուժվելու համար»:

 

 

Նա նշեց նաև' յուրաքանչյուր մարզում անվճար սպասարկմամբ հիվանդանոցներ են գործելու, իսկ ներդրումները հնարավորություն կտան ավելացնել բուժաշխատողների աշխատավարձերը:

 

 

Դիմելով ժողովրդին՝ Գագիկ Ծառուկյանն ասաց. «Ում հավատում եք, նրան էլ ձայն տվեք և իմացե՛ք, որ ձեր ընտրությունից է կախված ձեր ապագան»:

 

Ելույթից անմիջապես հետո բնակիչները բազմաթիվ նամակներ հանձնեցին, ներկայացրին իրենց խնդիրները: Գագիկ Ծառուկյանն էլ խոստացավ անձամբ կարդալ նամակները և ընդառաջել բոլորին: