Կյանքի 101-րդ տարում վախճանվել է Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Նունե Հովհաննեսի Օկսենտյանը: Այդ մասին հաղորդվում է Սանկտ Պետերբուրգի Ն.Ա. Ռիմսկի-Կորսակովի անվան պետական կոնսերվատորիայի, որտեղ նա աշխատել է, կայքում:

Օկսենտյանը երկրի ամենատարեց երգեհոնահարուհին էր: 1940-ական թվականներին նա ընդունվել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա, այնուհետեւ այնտեղ է մնացել որպես դասախոս: Նա նաեւ զբաղվում էր ակտիվ համերգային գործունեությամբ, 1950 թվականին Լայպցիգի Բախի հանդիսությունների համերգներում ելույթ է ունեցել կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչի եւ երգեհոնահար Իսայ Բրաուդոյի հետ միասին, որի ասիստենտն է աշխատել երկար տարիներ:

Նունե Օկսենտյանը ութ սկավառակ է ձայնագրել Յոհան Սեբաստիան Բախի, Գեորգ Ֆիլիպ Թելեմանի եւ Սեզար Ֆրանկի, ինչպես նաեւ ռուս կոմպոզիտորների երաժշտությամբ եւ վոկալ ստեղծագործություններով: