Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը անիրատեսական է համարում նախընտրական շրջանում քաղաքական ուժերի՝ թոշակները, աշխատավարձերը բարձրացնելու մասին հայտարարությունները։ Այս միտքը թերևս չպետք է զարմանք առաջացնի հանրության շրջանում՝ հաշվի առնելով նախարարի կուսակցական պատկանելիությունը: Իշխանությունները Արամյանի շուրթերով հասարակությանը մեսսիջ են ուղարկում, թե բա՝ հնարավոր լիներ, մենք արդեն արել էինք:

Այն, որ նախընտրական շրջանում մի շարք ուժեր առաջարկել են կառուցողական, լուրջ փորձագիտական եզրակացություն ստացած տնտեսական ծրագրեր՝ դա փաստ է: Հակառակ պարագայում ՀՀԿ-ները այդքան եռանդուն կերպով չէին լծվի մրցակիցների տնտեսական դրույթների քննադատության վեհ գործին, ընդ որում հենց տնտեսական՝ հարց է առաջանում՝ ինչու՞. Ինչու են ժամանակ և ուժեր վատնում անիրատեսական ծրագրերը պախարակելու համար: Պատասխանը ինքնին ակնհայտ է:

Ըստ նախարարի աշխատավարձերը եւ թոշակները բարձր մակարդակի հասցնելու համար հարկավոր է կա՛մ ավելի շատ հարկեր հավաքել, կա՛մ նոր վարկեր վերցնել: Նախարարը թերևս մոռանում է այն փաստը, որ ողջ գործարար դաշտը կքած է հարկերի տակ, ընդ որում, հարկային ամնիստիայի մասին իշխանությունները ևս չեն ուզում լսել՝ երևի անիրատեսական է թվում: Նախարարը թերևս ինքն իրեն մեծագույն լավություն կաներ, եթե թոշակառուների կյանքի պայմանների փոքր ինչ թեթևացումը չկապեր արտասահմանյան վարկեր վերցնելու անհրաժեշտության հետ:

Այն, որ մեր երկիրը շուտվանից հատել է արտաքին պարտքի բոլոր հնարավոր և անհնարին շեմերը՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ: Իսկ թե որտեղ են մսխվել այդ գումարները՝ այ դա դեռ պարզաբանման կարիք ունի: Սույն ծրագրերը կարող էին և պետք է իրականացվեին հենց իշխանությունների կողմից, և սեփական անգործությունը կոծկելու համար այժմ պետական ապարատը ի դեմս Արամյանի դեմարշ է սկսել ընդդիմախոսների հանդեպ՝ անհարմար վիճակում դնելով հենց հարազատ քաղաքական ուժին:

Ֆինանսների նախարարը ոչնչով չուրախացրեց թոշակառուներին: Փաստորեն, այս տարի ևս որևէ բարձրացում չի նախատեսվել: Չեն ցանկացել, թե կրկին անիրատեսական է՝ դժվար է ասել: Միևնույն ժամանակ նախարարը հույժ տարօրինակ սփոփանք էր նախապատրաստել թոշակառուների համար հայտարարելով, որ՝ չնայած բարձրացում չի սպասվում ՌԴ և Ղազախստանի հետ թոշակների համեմատության դեպքում Հայաստանը հաղթող է, քանի որ ՌԴ-ում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 3 անգամ գերազանցում է Հայաստանի ցուցանիշը, իսկ Ղազախստանը՝ մոտ 2,5 անգամ:

Այսինքն՝ թոշակառուները պետք է խորապես շնորհակալ լինեն նախարարին՝ կոպեկներ ստանալու համար: Դժվար է հասկանալ, թե կոնկրետ որ հարցում է ՀՀ հաղթող՝ այս հարցին անգամ նախարարը պատասխան չունի: Երևի թե մեր թոշակառուներին ռուսաֆիկացնելու և ռուսական բարձր թոշակների հույսին թողնելու հարցում, քանի որ ոչ մեկի համար գաղտնիք չէ՝ տարիքն առած քաղաքացիների մեծ մասը արժանապատիվ ծերության հույս չունենալով ՝ առաջին իսկ հարմար պահի դառնում են ՌԴ քաղաքացի՝ ռուսական թոշակ ստանալու համար: Սա՞ է Վարդան Արամյանի հաղթանակը….

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ