Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հերքել է Վրաստանի տարածքով դեպի Հայաստան ռուսական ռազմական շարասյան անցնելու մասին լուրերը: Այս մասին նշվում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

«Քարոզչական աղմուկի համար ամեն ինչ էլ կարող է առիթ դառնալ. Աբխազիայի իրավաչափ որոշումը Վրաստանի հետ սահմանին իր հսկիչ անցագրային կետերի քանակի օպտիմալացման մասին, երկկողմ համաձայնագիրը, որը թույլ է տալիս Հարավային Օսիայի քաղաքացիներին անհատական պայմանագրերի հիման վրա ծառայել ռուսական բանակում, Աբխազիայի տարածքում իբրև թե С-300 հավելյալ դիվիզիոնի տեղակայումը, և արդեն չափազանց ֆանտաստիկ պատմությունը դեպի Հայաստանի Վրաստանի տարածքով ռուսական ռազմական շարասյան անցնելու մասին»,- նշված է հայտարարության մեջ:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում կարծում են, որ տեղեկատվական դաշտում նման քայլերը ծառայում են Ժնևյան բանակցությունների հերթական փուլը սաբոտաժի ենթարկելու նպատակին: