Սովորաբար մեզանում ընտրությունները մի շատ հետաքրքիր առանձնահատկությամբ են աչքի ընկնում. դրանց ընթացքում, հատկապես բուռն փուլում, ոմանք ճիգ ու ջանք չեն խնայում՝ խոստումներ շռայլելու, երջանիկ ապագա խոստանալու և, որ ամենակարևորն է, շատ բարիքներ հասանելի դարձնելու վերաբերյալ բնակչության շրջանում հույսեր արթնացնելու:

Ինչպես հայտնի է՝ Հայաստանում շատ քիչ բարիքներ են, որ հասանելի են բնակչության մեծամասնությանը: Ու չնայած տպավորություն կարող է ստեղծվել, թե տարեցտարի իրավիճակը դրական դինամիկա է ցույց տալիս, սակայն փաստը մնում է փաստ, որ, ասենք, նույն հիպոթեքային շուկայում իրավիճակն ուղղակի ողբերգական է, և սա այն պարագայում, երբ, ասենք, երիտասարդներին կամ սոցիալական այլ խմբերին ուղղված մատչելի բնակարան խոստացող ծրագրերի պակաս՝ մեզանում կարծես չի զգացվում. համենայն դեպս, ասենք, նույն Արսեն Քարամյանին հաճախ կարելի է տեսնել հեռուստաէկրաններին՝ ինչ-որ նոր հիպոթեքային ծրագիր ներկայացնելիս: Ի դեպ՝ ավելորդ չէր լինի նկատել, որ ընտրարշավի ընթացքում ևս նույն ՀՀԿ-ն իր քարոզարշավը կազմակերպելիս չի շրջանցել այս գերկարևոր թեման, ու հաճախ կարող ես ականատես դառնալ, թե ինչպես են որպես կայացած փաստ ներկայացնում հիպոթեքային շուկայի չեղած կայացվածությունը:

Այնինչ պատկերը ճիշտ հակառակն է. բանկերը, որոնք էլ, ըստ էության, հանդիսանում են հիպոթեքային այս կամ այն ծրագրի անմիջական իրականացնողները, հստակորեն չեն կատարում իրենց գործառույթներն ու մարդկանց գցում են մոլորության մեջ՝ զանազան կերպերով:

Մասնավորապես՝ բավական շատ են բողոքները՝ կապված կանխավճարների ու տոկոսադրույքների հետ, որոնք, ի դեպ, նույն նախընտրական խոստումներին եթե հավատալու լինենք, պետք է որ արդեն իսկ իջած լինեին, մատչելի լինեին, այնինչ՝ ճիշտ հակառակ պատկերն է: Հետզհետե մեծանում է այն քաղաքացիների թիվն, ովքեր վստահ են՝ իրենց խաբել են, ու ոչ մի իրական տեղաշարժ այս ոլորտում ոչ միայն չի գրանցվել, այլև տեղի է ունեցել ճիշտ հակառակ պրոցեսը: Բանն այն է, որ բանկերում քաղաքացիներին պարտադրում են սահմանված կանխավճարից զատ՝ հավելյալ գումար մուծել՝ պատճառաբանմամբ, թե աշխատավարձի չափն անբավարար է. որպեսզի մարդն ունակ լինի օգտվել համապատասխան հիպոթեքային ծրագրերից, պետք է ունենա բավականին բարձր աշխատավարձ, աշխատավարձ, որը շատ քչերն են այսօր ստանում մեր երկրում: Հետևաբար՝ հարց է առաջանում՝ ո՞րն է զանազան բարեհունչ վերնագրերով հիպոթեքային ծրագրերի առաջ քաշման իմաստը, երբ դրանից օգտվել կարող են միայն ընտրյալները:

Ինչ վերաբերում է սահմանված տոկոսադրույքի իջեցմանն, ապա այստեղ ևս դրական տեղաշարժը չափազանց աննկատ է. տարեկան, ասենք, 9% տոկոսադրույքը շատ դեպքերում փոխարինվել է մոտ 8%-ով, ինչը ոչ մի կերպ զգալի դրական տեղաշարժ չես համարի: Այսինքն՝ արվել է ամեն բան, որպեսզի բանկերը, որոնք հայտնի են բնակչությանն անխնա կեղեքելով, շարունակեն մարդկանց հաշվին հարստանալ՝ չնայած այն հանգամանքին, որ ոմանց նախընտրական ելույթներից միանգամայն այլ տպավորություն է ստեղծվում: Քիչ չեն նաև տեղ գտած չարաշահումները, երբ միևնույն անհատը, գործի դնելով Հայաստանում անվրեպ կերպով գործող ԽԾԲ-ական սկզբունքը, մի քանի անգամ է դարձել միևնույն ծրագրի շահառու:

Իսկ այս ամենը մեկ բան է հուշում. կա՛մ համապատասխան ոլորտի պատասխանատուներն անտեղյակ են՝ ինչ է կոնկրետ կատարվում հիպոթեքային շուկայում, կա՛մ դիտավորյալ կերպով լռում են աղաղակող անարդրարությունների մասին. բանկերը մեր երկրում վաղուց դարձել են իսկական պատուհաս մարդկանց գլխին, ու չի գտնվում մեկն, ով կհամարձակվեր կարգի հրավիրել հայաստանյան դրամատներին: Հարց՝ ինչո՞ւ...

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ