Ապրիլի երկուսին դուք ձեր ձայնով որոշելու եք ձեր երեխաների ապագան։ «Ձեր քվեն գցելուց ընտրություն կատարեք՝ տնտեսությունը խորանա՞, թե՞ երկիրը դնեք ճիշտ ճանապարհի վրա։ Ձեր քվեն տալուց որոշեք՝ Հայաստանը, հայերը մնալու են առանձին, թե մեկ բռունցք ենք լինելու։

Ես վստահեցնում եմ ձեզ՝ ՀՀն կդասվի աշխարհի 15 ժողովրդավար պետությունների շարքին։ Դրա համար ջանք պետք չէ, ռեսուրս պետք չէ։ Հայաստանը շատ արագ լինելու է արդար, ժողովրդավար երկիր։ Մարդկանց վստահությունն է վերականգնվելու»,- Ազատության հրապարակում հարթակից ելույթի ժամանակ ասաց ՕՐՕ դաշինքի թեկնածու Վարդան Օսկանյանը։

Նրա խոսքով՝ այսօր արտաքին քաղաքականությունը դարձել է նպատակ, ոչ թե միջոց՝ երկրի խնդիրները լուծելու համար։ «Մեր սուվերենությունը անկում է ապրել։ Մեզ լուրջ չեն վերաբերվում, որովհետև մեր արտաքին քաղաքականությունը դրան է հանգեցրել։ Այսօր դեսպաններին այնպիսի մարդկանց են նշանակում, ովքեր ինչ-որ բան են արել և փոխարենը՝ ստացել են դա»,- ասաց նա ու շեշտեց՝ այսօր Արցախը վտանգված է, հողերը աճուրդի են հանվել։