Վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնը ստանձնելուց հետո արդեն երկրորդ անգամն է կոչ հղում Սփյուռքին՝ առաջարկելով գալ և մասնակից դառնալ երկրի զարգացմանը: Եթե Կարապետյանի առաջին կոչը անարձագանք մնաց, ապա՝ այս մեկը լայնորեն քննարկման առարկա դարձավ սփյուռքի մեր հայրենակիցների կողմից: Պատճառներից մեկն էլ մոտալուտ ընտրություններն են, որոնց սփյուռքը անշուշտ ուշի-ուշով հետևում է:

Նոր կառավարությունը անընդհատ շեշտում է Սփյուռքի անհրաժեշտության և դերակատարության մասին, սփյուռքահայությանը հրավիրում են, կանչում են՝ մասնակից դառնալու սոցիալական, տնտեսական, մշակութային զարգացմանը: Սակայն Սփյուռքի մոտ բնական հարց է առաջանում՝ ո՞րն է այդ կոչի բուն իմաստը, երբ հաղթահարված չէ սփյուռքի և պետության միջև առկա անվստահության օր-օրի խորացող անջրպետը:

Սփյուռքում այսօր ունենք շատ առաջադեմ անհատներ, որ իսկապես հետաքրքրված են Հայաստանով, բայց հետաքրքրված չեն այստեղի իշխանության և Սփյուռքի հաստատությունների միջև եղած հարաբերություններով: Նրանք ուզում են, օրինակ, գալ՝ իբրև դիտորդ, որ ծանոթանան Հայաստանի քաղաքացիների հետ, այդպիսի անհատներ շատ կան, որ կարող են տարբեր գործունեություն ծավալել Հայաստանում՝ իրենց փորձառությամբ ու իրենց պրոֆեսիոնալ կարողություններով: Սակայն ի՞նչով է վարչապետը երաշխավորում սփյուռքի մասնակցության արդյունավետությունը: Սեփական անձո՞վ: Մինչդեռ Կարապետյանի անձը այնքան էլ չի ընկալվում Սփյուռքում, հետևաբար՝ սեփական անձը որպես երաշխիք ներկայացնելը դժվար թե հաջողված քայլ համարվի:

Սփյուռքի կողմից երաշխիք կդիտվեին այն իրական և խորքային փոփոխությունները պետական կառավարման համակարգում, սեփական վարքագիծը վերանայելու ուղղությամբ, որոնք իշխանությունները արդեն իսկ պետք է իրականացրած լինեին: Սփյուռքը, կարծես թե, հուսախաբ է անում ՀՀ իշխանություններին և այս պահին թերևս չի արդարացնում ոչ բարոյական, ոչ էլ ֆինանսական աջակցության ակնկալիքները:

Իսկ խնդիրները հարկավոր է դիտարկել առավել խորքային հարթության մեջ: Տարիներ շարունակ Սփյուռքը զորավիգ եղավ մեր պետությանը, սակայն մնաց անտեսված և կտրված երկրի ներսում տեղի ունեցող գործընթացներից: Ինչու ենք հիմա՛ մտածում Սփյուռքի հետ հարաբերություններին նոր որակ հաղորդելու մասին, երբ այդ նպատակով կազմավորվել էր մի ամբողջ նախարարություն, որը, ի դեպ, այդպես էլ ի վիճակի չեղավ պաշտոնական մակարդակով հստակ պատկերացում կազմել սփյուռքի ներուժի, պահանջների, խնդիրների մասին:

Հայաստանի իշխանությունների համար սփյուռքի վերաբերմունքի նեգատիվ երանգավորումը լուրջ մարտահրավեր կարող է հանդիսանալ, քանի որ, վերջիններս այլևս երկրից դուրս էլ լեգիտիմության խնդրի առջև են կանգնում: Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա ակնհայտ է, որ սփյուռքն այսուհետ առաջնորդվելու է չոր բիզնես շահերով, ուստի՝ քանի դեռ չի փոխվել ներքին միջավայրը, գրեթե անհնար է ազգային զգացմունքներ խաղացնելով՝ Սփյուռքին համոզել ներդրումներ կատարել Հայաստանում և, առավել ևս՝ աջակցել օրվա իշխանություններին…


Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ