ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչների կողմից ներկայացված դիմումը՝ ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ համարելու վերաբերյալ:

Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց ԿԸՀ որոշման նախագիծը, որտեղ ներկայացված էր իրենց ուսումնասիրությունը: Համաձայն ԿԸՀ-ի ուսումնասիրության՝ տնօրենները ձայնագրվել են առանց մյուս կողմի իմացության, ձայնագրողները հանդես են եկել գոյություն չունեցող անձանց անունից: «Պարզվել է, որ մանկավարժների մի մասն ընդգրկված են եղել կուսակցությունների նախընտրական փուլի կազմակերպչական աշխատանքներում: Կուսակցության համախոհների եւ կողմ քվեարկելու տրամադրված անձանց անուններ հավաքագրելը հանձնաժողովը չի համարում նախընտրական քարոզչություն: Դրանք չեն կարող գնահատվել նախընտրական քարոզչության կարգի խախտում, քանի որ չի հաստատվել, որ վերոհիշյալ անձինք քարոզչություն են իրականացրել իրենց լիազորություններն իրականացնելիս, չի ներկայացվել որեւէ ապացույց, որ իրականացմանը զուգահեռ է դա կատարվել»,- ասաց Մուկուչյանը:

ԿԸՀ 7 անդամները կողմ քվեարկեցին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի դիմումը մերժելու մասին որոշման նախագծին

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը որպես ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ համարելու հիմք էր ներկայացրել «Իրազեկ քաղաքացիներ» միավորման ձայնագրությունները դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների մասնակցությամբ: