Այսօր Կառավարության նիստի ավարտից հետո ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանից լրագրողները հետաքրքվեցին՝ ի՞նչ կարծիք ունի նախարարը՝ վերջին օրերին կատարված սկանդալային բացահայտման մասին, որը կապված էր Հանրապետականի օգտին աշխատող դպրոցների տնօրենների հետ:

 

Նախարար Արամյանը լրագրողներին հիշեցրեց, որ բազմիցս նշել է, որ ինքը չի ցանկանում քարոզարշավի վերաբերյալ որևէ հարցի պատասխանել, քանի որ ինքը չկա ՀՀԿ-ի համամասնական և տարածքային ցուցակներում:

 

Լրագրողների պնդմանը՝ դատապարտո՞ւմ է այս  քայլը, թե՞ ոչ, Վարդան Արամյանը տեղի տվեց և պատասխանեց. «Դուք ամեն կերպ փորձում եք հասկանալ՝ ես դատապարտում եմ կատարվածը, թե ո՞չ: Ես ձեզ կասեմ հետևյալը. և՛ նախագահը, և՛ վարչապետը բազմիցս ասել են, որ որևէ խախտում չպետք է լինի: Վարչական լծակների օգտագործումն արգելվել է և դրա մասին հայտարարվել է արդեն մի քանի անգամ»ԼՈւՐԵՐ.com_ի հարցին, որ չնայած նմանատիպ կոչերին, վարչական լծակներն, այնուամենայնիվ, կիրառվում են, նախարարը պատասխանեց. «Կիրառվել է վարչական լծակ, թե՝ ոչ, ես չեմ կարող ասել, ես չեմ կարող տալ դրա գնահատականը, քանի որ դա իմ մանդատից դուրս է»:

 

Նախարարը նաև վստահեցրեց, որ որպես «Հանրապատական»  կուսակցության անդամ էլ չի կարող որևէ բան ասել, քանի որ իրեն այս ընտրություններում այլ դեր է վստահված: 

 

Հարցին՝ գուցե այդ տնօրենների ցանկում լինի նաև նախարարի երեխայի դպրոցի ղեկավա՞րը, Վարդան Արամյանը պատասխանեց. «Մի երեխաս հաճախում է դպրոց, մյուսը՝ մանկապարտեզ, հրապարակված նկարները չեմ նայել, չեն հետաքրքրում, չգիտեմ»:

 

Աղավնի Սուքիասյան