Անկախ պետությունների համագործակցության դիտորդական առաքելության ներկայացուցիչների համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները Հայաստանում կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստական աշխատանքները և քվեարկության ընթացքը դիտարկելու համար: Մարտի 31-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը: «Առաքելությունը մարտի 14-ից աշխատում է Հայաստանում' ընտրությունների նախապատրաստական աշխատանքները և ընթացքը դիտարկելու նպատակով: Մեր առաջադրանքը շատ կարևոր է: Մենք այստեղ ենք Հայաստանի Հանրապետության ղեկավարության հրավերով: Հայաստանում կայանալիք ընտրությունները դիտարկելու հրավերին արձագանքել են ԱՊՀ անդամ 8 երկիր' Բելառուսը, Ռուսաստանը, Ղրղզստանը, Ղազախստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը: Դրանից բացի առաքելության կազմում են նաև ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդները, ներկայացուցիչներ կան Ռուսաստանի և Բելառուսի խորհրդարաններից, ԱՊՀ գործադիր կոմիտեից»,- նշեց Լեբեդևը:

Հայաստանում կայանալիք ընտրությունները դիտարկելու համար ԱՊՀ երկրներից գրանցվել են 172 դիտորդ: Նրանց թվում ԱՊՀ անդամ երկրների խորհրդարանականներ են, այդ երկրների կենտրոնական ընտրական հանձնաժողովների անդամներ, Համագործակցության գործադիր կոմիտեի փորձագետներ և աշխատակիցներ: «Մեր առաքելության կազմում ընդգրկված անձինք հասարակական ոլորտում և պետական համակարգում աշխատանքի ահռելի փորձ ունեցող մարդիկ են, ինչը թույլ է տալիս վստահ լինել, որ ընտրությունների կգնահատվեն անաչառ և օբյեկտիվ»,- նշեց Լեբեդևը:

Նա հավելեց, որ դիտորդական առաքելությունն իր գործառույթներն իրականացնում է Հայաստանի օրենսդրության շրջանակում' առաջնորդվելով երկրի ներքին կյանքին չմիջամտելու և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները պահպանելու գաղափարով: «Հայաստանը մեր բարեկամ երկիրն է, և մենք այստեղ չենք երկրի ներքին կյանքին միջամտելու կամ դիտավորյալ բացասական երևույթներ գտնելու ու հրապարակելու համար: Մեզ համար առաջնահերթ է ընտրությունների ընթացքին օբյեկտիվ գնահատական տալը»,- ասաց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը:

Դիտորդական առաքելության ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ՀՀ ԱԺ, ԱԳՆ, ԿԸՀ, Գլխավոր դատախազության, Ոստիկանության, Արդարադատության նախարարության, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ներկայացուցիչների հետ: Նրանք հանդիպումներ են ունեցել նաև այն կուսակցությունների և դաշինքների ղեկավարության հետ, ովքեր խորհրդարանում հայտնվելու հնարավորություններ ունեն: «Մենք դիմել ենք Ոստիկանություն և Գլխավոր դատախազություն, որպեսզի քաղաքացիների դժգոհությունների և բողոքների մասին իրազեկեն մեզ: Այս պահի դրությ ամբ մեզ հայտնել են, որ այդպիսիք չկան»,- ընդգծեց Սերգեյ Լեբեդևը:

Նա անդրադարձավ նաև ՀՀ նոր Ընտրական օրենսգրքին' շեշտելով, որ դրանում շատ լուրջ փոփոխություններ են կատարվել, որոնք մասնագետների գնահատականներով կարող են երաշխավորել թափանցիկ և ժողովրդավարական ընտրությունների անցկացումը: «Հատկապես հետաքրքիր է ընտրողների գրանցման և քվեարկության նոր կարգը, որն իրականացվելու է տեխնիկական սարքավորումների միջոցով: ԱՊՀ երկրներից Հայաստանն առաջինն է, որ այդպիսի համակարգով է անցկացնելու ընտրությունները: Մենք զրուցել ենք մասնագետների հետ, և նրանք վստահեցրել են, որ այդ տեխնիկական սարքավորումները բացառելու են ընտրակեղծիքները»,- նշեց Լեբեդևը:

Նրա խոսքով' ընտրությունների թափանցիկության երաշխիք է նաև այն հանգամանքը, որ քվեարկությունից հետո հրապարակվելու են ստորագրված ցուցակները, ինչը հնարավորություն կտա հասկանալ, թե ովքեր են մասնակցել քվեարկությանը: Նա նշեց, որ լսել է քննարկումներ այն մասին, որ ընտրական ցուցակների հրապարակումը խախտում է մարդու անձնական տվյալների գաղտնիության իրավունքը, սակայն հավելեց, որ դա կարելի է ընդունելի համարել, եթե ժողովուրդը դեմ չէ: Լեբեդևն ընդգծեց, որ կարելի է գնալ այդ քայլին, եթե դրա արդյունքում ապահովվելու է ընտրությունների թափանցիկությունը:

ԱՊՀ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում Ազգային ժողովի ընտրությունների գնահատականը կներկայացնի ապրիլի 3-ին կայանալիք մամուլի ասուլիսում: