Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Նարեկ Մալխասյանն ապրիլի 1-ին դարձել է 21 տարեկան: ՀՀ Նախագահի հրամանագրով նա պարգևատրվել էր «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և ԼՂՀ նախագահի հրամանագրով՝ «Արիության համար» մեդալով։ Նարեկը Արարատի մարզի Բարձրաշեն գյուղից է։ Քառօրյա պատերազմում հակառակորդի ուղղաթիռը խոցելու մասին նա պատմել է. «Մեր հրամանատարը տեղեկացրեց, որ հակառակորդի տանկերի շարժ կա, հնարավոր է՝ մեզ վրա գան, բայց տանկի փոխարեն ուղղաթիռ եկավ։ Ու հենց առաջին կրակոցից խփեցի այն»։


Չնայած հակառակորդին զգալի վնաս է պատճառել՝ Նարեկն ասում էր, թե չի մտածում, որ հերոս է ու չի սիրում, երբ իրեն այդպես են ներկայացնում։ «Ես մտածում եմ, որ առաջնագծում կանգնած բոլոր տղաներն էլ հերոսներ են։ Պետք չէ որևէ մեկին առանձնացնել, որովհետև բոլորն էլ կանգնած են այնտեղ՝ պատրաստ իրենց կյանքի գնով պաշտպանելու հայրենիքը։ Մեկին, երկուսին, երեքին հաջողվել է ինչ-որ գործողություն կատարել, բայց բոլորն էլ պատրաստ են դրան ու մեկ վայրկյան անգամ չեն մտածի՝ այդ պահին իրենց կյանքը վտանգի մեջ է, թե ոչ։ Եթե այնտեղ են, նշանակում է կանեն իրենց գործը»,- ասել է Նարեկ Մալխասյանը: