Ապրիլյան պատերազմում Ջրականի (Ջաբրայիլ) մարտական դիրքերից մեկում հակառակորդի դեմ հերոսաբար մարտնչած եւ զոհված զինծառայող Բագրատ Ալեքսանյանի՝ «Վերադարձ» խորագիրը կրող բանաստեղծությունների ժողովածուն արդեն հասանելի է ընթերցողներին:

Նարեկացի արվեստի միությունում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը, որին ներկա էին հարազատները, ընկերներն, այլ հերոսների ծնողները:

Հերոսի մայրը՝ Նարինե Ասրյանը նշեց, որ նրան հոգեհարազատ են որդու բոլոր բանաստեղծությունները, ընտրեց մեկն ու ընթերցեց ներկաների համար:

«Այսօր Բագրատս վերադառնում է՝ բերելով հպարտության այն զգացողությունը, որ ես ունեցել եմ միշտ իմ երկու որդիների հանդեպ: Բագրատը վերադառնում է իր գրած բանաստեղծություններով բերելով իր շունչը եւ կենդանի ոգին»,- ասել է տիկին Նարինեն:

Ներկաների շարքում էր նրա ամենամտերիմ ընկերներից մեկը Գուրգեն Հովհաննիսյանը, ով նաեւ հերոսի մարտական ընկերն է:

«Բագրատի հետ միշտ միասին ենք եղել: Շնորհակալ եմ բոլոր հերոսածին ծնողներին, որ մեզ այդպիսի լավ ընկերներ են տվել, ովքեր մեզ շատ բան սովորեցրին, սովորեցրին դիմանալ կյանքի ամենածանր հարվածներին: Նրանք միշտ մեր կողքին են եղել ու մինչեւ հիմա էլ մեր կողքին են: Ես ձեզ շնորհակալ ու միշտ լինելու եմ ձեր կողքին»,-նշել է հերոսի մարտական ընկերը:

Շնորհանդեսի շրջանակում Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը պատվոգիր շնորհեց հերոսի ծնողներին, իսկ Նարեկացի արվեստի միությունը՝ խորհրդանշական «Նարեկ»:

Գիրքը հրատարակվել է Հայաստանի գրողների միության աջակցությամբ: Միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, խոսելով հերոսի հեղինակած ժողովածուի մասին, անվանեց այն անմահության վերադարձ:

«Անցյալ տարվա քառօրյա պատերազմի ժամանակ մեր զինվորներն իրենց պապերի, նախնիների ոգով կարողացան իրենց հողն ու արժանապատվությունը պաշտպանել: Այդ բոլոր տղաներն իրենց էությամբ եւ ոգով հերոս են: Հերոսը հենց դա է: Նրանց շնորհիվ է, որ մեր կյանքը շարունակվում է: Կարդում եմ նրա բանաստեղծությունները, հուշերը, պատանեկան ապրումները, որոնք հենց այդ անկեղծ մարդու սրտի թելադրանքով են գրված: Սրանք հետո պետք է գեղարվեստորեն ամրանային: Շատ լավ բանաստեղծություններ են՝ գրված մեկի կողմից, ով եւ երկրի զինվոր է, եւ որդի է, այս ամենի հետ մեկտեղ նա հայ մեծ կերպար է»,-եզրափակել է Էդվարդ Միլիտոնյանը:

Artsakhpress.am