ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար Մանվել Գրիգորյանը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ուղերձ է հղել, որում մասնավորապես ասվում է.



Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից շնորհավորում եմ մեր պետությանը, հայ ժողովրդին հերթական կարեւոր քննությունը հաջողությամբ հանձնելու կապակցությամբ:

 

Նորացված Սահմանադրությամբ առաջին խորհրդարանական ընտրությունը մեր երկրում անցավ բարձր մակարդակով, հայ ազգը հերթական անգամ ապացուցեց, որ միասնական է, պետականամետ է եւ օրինապաշտ: Մեր ժողովուրդը միասնաբար ընտրեց բարձրագույն օրենսդիր մարմին, որն այսուհետ նաեւ պետության կարեւորագույն հաստատությունն է լինելու, բոլոր որոշումների կայացնողն է լինելու, երկրի բարձրագույն ատյանն է լինելու:

 

Ժողովրդավարական, ազգային ընտրությունների կայացած փաստի առիթով շնորհավորում եմ հայոց բանակին՝ դիրքապահ զինվորից պաշտպանության նախարար եւ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար: Դուք, թանկագին մեր սահմանապահներ, կարող եք համոզված լինել, որ ունեք ամուր թիկունք, որ մեր երկրում երաշխավորված է անվտանգությունը, որը բերելու է նաեւ առաջընթացի, տնտեսական զարգացման:

 

Երկրապահի անունից շնորհավորում եմ ամբողջ քաղաքական դաշտին, բոլոր քաղաքական ուժերին: Ներքաղաքական պայքարում հաղթողներ ու պարտվողներ չեն լինում: Ամենքս ենք հաղթել, քանի որ հայ ժողովուրդը գիտակցված ընտրություն է կատարել, իսկ ընտրությունը քաղաքական ծրագրերի մրցակցություն է, որը չի ավարտվում այսօր: Հայրենասեր, ազգին նվիրված, պետությանը ծառայելու պատրաստ բոլոր կուսակցություններն էլ կշարունակեն պետականամետ ծրագրերի մշակումը՝ այդ կերպ պատրաստվելով արդեն հաջորդ ընտրություններին, իսկ ծրագրերի մրցակցությունից շահելու է հայ ազգը, շահելու են Հայաստան պետությունն ու հայկական Արցախ պետությունը:

 

Այնպես որ՝ ի գործ: Յուրաքանչյուրս մեր տեղում մեր հնարավորությունների չափով օգտակար լինենք մեր երկրին: Եվ խաղաղություն մեզ:

 

Աստված ամենքիս պահապան: