Այսօր «Քաղաքացիական հասարակության և դիտորդների գնահատականը ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին» թեմայով քննարկման բանախոս, «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ղեկավար Արթուր Սաքունցը, խոսելով երեկ կայացած խորհրդարանական ընտրությունների մասին, նշեց, որ երեկ արդեն տվել են թվաբանական ողջ բազան, բայց իր գնահատականը պետք է ձևավորի ոչ միայն քվեարկության օրվա հետ դա  կապելով, այլ նաև դիտարկելով մինչև ապրիլի երկուսը կատարված դեպքերը:

 

«Մեր պետությունը լուրջ հիվանդ է: Հարց եմ հնչեցնում՝ ինչո՞ւ այս օրին հասանք, երբ հրապարակավ ընտրակաշառքը նվիրատվություն կամ աշխատավարձ է որակվում, երբ մեր քաղաքացուն հասցրել են հպատակի աստիճանի: Ինչո՞ւ արտագաղթի այս տեմպը ձևավորած ուժն այդքան տոկոսներ է հավաքում: Ցավոք սրտի՝ սա է մեր խնդիրը և ունենք երկիրը փրկելու լուրջ առաքելություն: Մենք պետք է կարողանանք մեր իրական գնահատականը տեսնել և այս հիվանդ վիճակից դուրս գանք»:


Արթուր Սաքունցի համար անհասականալի է հաղթանակած կուսակցության ուրախությունն այս ժանտախտի պահին, որն իրական մարտահրավեր է հասարակության համար:

 

«Խախտումները որոշիչ արդյունք չեն ունեցել ձայների հարաբերակցության վրա: Այն, որ ընտրողը քվեարկել է ՀՀԿ-ի օգտին, դա փաստ է. հիմա, թե վախեցած է եղել, թե կաշառք է ստացել, դա հարցի մյուս կողմն է: Կալանավորը, երբ քվեարկում է ՀՀԿ-ի օգտին, դա հասկանալի է. նա անազատության մեջ է, իսկ մյուսները, երբ քվեարկում են  այդ կուսակցության օգտին, այ դա՝ չեմ հասկանում»,-նշեց Արթուր Սաքունցը՝ վստահեցնելով, որ հասարակության հիմնական խնդիրը շարունակում է մնալ անազատ և վախեցած հասարակությունը:

 

Աղավնի Սուքիասյան