Ժողովրդավարությունն ընտրություն չէ, այլ երկու ընտրությունների միջանկյալ ժամանակահատվածում տեղի ունեցող զարգացումներ: Այս մասին ապրիլի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ կոորդինատոր և ղեկավար Իգնասիո Սանչես Ամորը: Հարցին՝ ի՞նչ եք կարծում, մարդիկ կարողացա՞ն իրացնել իրենց ընտրական իրավունքը, նա պատասխանեց, որ ընտրությունը միայն քվեարկության օրը չէ, այլ՝ երկար գործընթաց: «Գործընթացի բոլոր փուլերի վերաբերյալ ԵԱՀԿ զեկույցում կա անդրադարձ՝ քարոզչության, ֆինանսավորման, բողոքների քննարկման ընթացակարգերի, գրանցման սարքերի, քվեների հաշվարկի մասին»,- ասաց Իգնասիո Սանչես Ամորը:

Նրա խոսքով' իրենց զեկույցը շատ ավելի համալիր պատկերացում է տալիս ապրիլի 2-ին Հայաստանում կայացած ընտրությունների վերաբերյալ:

«Ձեր երկիրը, ձեր խորհրդարանը մեծ ջանքեր է գործադրել բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ: Պետք է դրվատել սահմանադրական բարեփոխումները, ընտրական օրենսգիրքը քաղաքական լայն համաձայնությամբ ընդունելու քայլը»,- ասաց ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ կոորդինատոր և ղեկավար Իգնասիո Սանչես Ամորը' հավելելով, որ հասարակությունը պետք է իրավական դաշտից անցնի դիրքորոշումների, վարքագծի, վերաբերմունքի փոփոխության: Նրա վստահեցմամբ' իրավական լավ դաշտ, սարքեր, գործիքներ ունենալն ընտրական գործընթացի որոշ փուլերի համար դեռ բավարար չէ, պետք է հատկապես կուսակցությունները փոխեն գործելակերպը, որոնք, ըստ երևույթին, շարունակում են գործել այնպես, որ խնդիրը իրավական համակարգով միայն չի լուծվի: