Արագածոտնի մարզի Շղարշիկ գյուղում մայրը 17-ամյա որդուն՝ Մ. Գդոյանին կախված է գտել: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շղարշիկի համայնքապետ Հովհաննես Հարությունյանը:

 

Գյուղապետը նշեց, որ ամբողջ գյուղը շոկի մեջ է, թե ինչը կարող էր լինել տղայի՝ Մ. Գդոյանի ինքնասպանության պատճառը, ոչ ոք չի կարողանում հասկանալ. «Ամբողջ գյուղի համար առեղծված է, թե ինչի՞ համար կարող էր տղան գնալ այդ քայլին: Ոչ մի բան չկա, որ կարող ենք մտածել՝ դա է եղել պատճառը: Կիրթ, հավասարակշռված ընտանիք է»:


Հովհաննես Հարությունյանի փոխանցմամբ՝ տղային կախված հայտնաբերել է մայրը, իրենց տան նկուղային հարկի սկզբնամասում. «Որդիս փողոցով անցնելիս ձայներ է լսել, գնացել է այն պահին, երբ մայրը արդեն պարանը կտրած է եղել ու կողքի վրա ընկած: Արհեստական շնչառություն է տվել, հույսը չկորցնելով, որ ամեն ինչ վերջացած է, երեխային դրել են մեքենան ու տեղափոխել Թալինի հիվանդանոց: Ամեն բան փորձեցին անել, օգնություն ցույց տալ, սակայն խեղճ երեխայի կյանքը փրկել՝ այդպես էլ չհաջողվեց»,- ցավով արձանագրեց գյուղապետը:

 

Նրա խոսքով՝ դեպքի պահին տանը եղել է մայրը, իսկ հայրը աշխատանքի է եղել Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում:

 

«Երևի ինչ-որ խաղեր է արել, կամ սպորտային վարժություններ է արել, որովհետև այդքան կախվածի նման էլ չէր, բայց մասնագետները կուսումնասիրեն-կասեն»:

 

«Աշխատասեր, ճարպիկ, դպրոցում սովորում էր միջին առաջադիմությամբ, շատ համով երեխա էր»,- համայնքապետն ահա այսպես բնութագրեց ինքնասպան եղած տղային:

«Ընտանիքում ապրում էին հայրը, մայրը, երկու եղբայր և երկու քույր: Հայրն ու մայրը բարձրագույն կրթությամբ, աշխատող, խելացի, շատ լավ մարդիկ են»: Ինչպես նշեց գյուղապետը՝ ընտանիքը սոցիալապես նորմալ վիճակում է: Նա բացառեց, որ ինքնասպանությունը կարող էր կապ ունենալ ընտանիքի սոցիալական վիճակի հետ:

 

Սոնա Հարությունյան