Հայաստանյան շուկայում նկատվում է բենզինի գնի վերելք։ Բենզինի գինը աճել է 10 դրամով: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի քարտուղար Գայանե Սահակյանը:

 

Նրա խոսքով՝ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիթորինգի աշխատանքային խումբը արձանագրել է, որ վերջին օրերին բենզինի մանրածախ գինը որոշ բենզալցակայաններում բարձրացել է 1 լիտրի հաշվով 10 դրամով. «Ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրը 370 դրամից դարձել է 380 դրամ: Քանի որ բենզինի շուկան գտնվում է հանձնաժողովի մշտական վերահսկողության դաշտում, ապա կատարվել է համապատասխան ուսումնասիրություն՝ տեղի ունեցած փոփոխության պատճառը պարզելու նպատակով: Բենզինի ներկրմամբ զբաղվող խոշոր տնտեսվարողներից և համապատասխան պետական մարմիններից ստացված փաստաթղթային տեղեկատվության համաձայն, գնագոյացման շղթայում տեղի է ունեցել փոփոխություն՝ ձեռքբերման գնի բարձրացման մասով, ինչն էլ անդրադարձել է բենզինի սպառման գնի վրա»

 

Գայանե Սահակյանի տեղեկացմամբ՝ բենզինի ներկրման և իրացման առաջնային շուկայում 58 տոկոս մասնաբաժին ունի «Ֆլեշ» ընկերությունը, 35 տոկոս՝ «Սի Փի Էս օիլ», և նախորդ 6 ամիսների վիճակագրության համաձայն՝ 7 տոկոս՝ «Մաքս պետրոլ գրուպ» ընկերությունը:

 

Սոնա Հարությունյան