Սանկտ Պետերբուրգի մետրոյում իրականացված պայթյունը հաստատում է, որ ահաբեկչության սպառնալիքի հետ կապված իրադրությունը չի բարելավվում, գործնականում ԱՊՀ-ի յուրաքանչյուր երկիր ահաբեկչական գրոհների պոտենցիալ օբյեկտ է: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

 

«Մենք տեսնում ենք, որ իրադրությունը, ցավոք, չի բարելավվում: Եվ դրա ամենալավ հաստատումը վերջերս Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններն են: «Ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվեցին մարդիկ, շատ են տուժածները»,-ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով ԱՊՀ-ի երկրների անվտանգության մարմինների ղեկավարների հետ կայացած հանդիպմանը:

 

«Մենք գիտենք, որ մեր երկրներից յուրաքանչյուրը, գործնականում յուրաքանչյուրը, ահաբեկչական գրոհների հնարավոր, պոտենցիալ օբյեկտ է: Մեր երկրների համար կան նաեւ բազմաթիվ այլ սպառնալիքներ»,-հավելել է ՌԴ նախագահը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: