Արցախ այցելելով պետք է ներկայանալ ոչ միայն որպես զբոսաշրջիկ, այլև պետք է ժամանակ գտնել և շփվել արցախցիների հետ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ բացառիկ զրույցում ասել է կանադահայ դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանը:

 

«Հույս ունեմ, որ մեր այն սփյուռքահայերը, արվեստագետները որոնց հետ ես շփվում եմ, կկարողանամ հստակ ներկայացնել Արցախն ու տեղի իրողությունը: Եվ նրանց կհորդորեմ գալ Արցախ ու ժամանակ տրամադրել այս հրաշք երկրին ծանոթանալու համար: Եվ նրանք պետք է ոչ թե մեկ անգամ լինեն Արցախում, այլ պարբերաբար, որպեսզի կարողանան ճիշտ և իրական աչքերով տեսնեն ու պատկերացում կազմեն այս հերոսական ժողովրդի ու երկրի մասին»,- նշել է Ա. Խանջյանը:

 

Թուֆենկյան հիմնադրամի նախաձեռնությամբ, ապրիլի 3-ից եռօրյա այցով Արցախում են անվանի սփյուռքահայ արվեստագետներ՝ Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը և Էրիկ Նազարյանը: