Կառավարության՝ ապրիլի 6-ի նիստի մեկնարկից անմիջապես հետո վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին՝ ներկայացնել  տարածքային կառավարման վերլուծական կենտրոնի մասին տեղեկատվություն:  «Շատ ենք խոսել տեղական ինքնակառավարման ինստիտուտների մասին: Եթե այնտեղ չունենք էֆեկտիվ կառավարում, մենք ընդհանրապես վիճակը չենք կարողանալու փոխել: Այդ իսկ պատճառով մենք տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում մեկ ամիս է' ստեղծել ենք վերլուծական կենտրոն, որի նպատակն է իրականացնել համայնքներում ֆինանսական գործունեության վերլուծություն»,-ասաց վարչապետը:

 

Ըստ կառավարության ղեկավարի՝ խոսքը գնում է յուրաքանչյուր մարզից երկու-երեք «չեմպիոն» ծրագրերի մասին, և կազմակերպվող խորհրդակցությանը ներկա պետք է լինեն մարզպետերը: Կարեն Կարապետյանը հանձնարարեց, որ այդ խորհրդակցությունների ժամանակ պետք է մեկ սկզբունքով ընտրել 200 համայնքապետերի, ովքեր նաև պետք է դասընթացներներ անցնեն Ամերիկյան համալսարանում:

 

«Վերլուծական կենտրոնը պետք է համանման համայնքների բյուջեների անհամաչափությունը վերլուծի, եթե մենք դա արդեն թվայնացրել ենք, ապա այդ կարմիր լամպերը միանշանական այսօր պետք է վառվեն»,- ասաց Կարապետյանը:

 

Վարչապետը հորդորեց նաև մեկշաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմին ներկայացնել առաջին վերլուծական նյութը համայնքային ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների ֆինանսական գործունեության ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ: