Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ԵԼՔ դաշինքը ստացել է 122 հազար 49 ձայն: Դաշինքը խորհրդարանում ունենալու է 9 պատգամավոր, որոնցից 4-ը խորհրդարան են անցել ռեյտինգային ընտրակարգով: Նրանց թվում է Մանե Թանդիլյանը:

 

Ինչպես գիտենք, ընտրական օրենսգրքի պահանջով՝ կուսակցությունների ցուցակում յուրաքանչյուր 4 թեկնածուց մեկը պետք է իգական սեռի ներկայացուցիչ լինի, ինչը ցայտնոտ առաջացրեց քաղաքական որոշ շրջանակներում, քանի որ, այսպես ասած, դաշտում ակտիվ կին ներկայացուցիչների պակաս կար: Ցուցակներում սկսեցին ներառել կանանց, ովքեր հեռու էին քաղաքական դաշտից, չէին պատկերացնում պատգամավորական գործունեությունը, բայց օրենքի պահանջը պետք էր բավարարել:

 

Վերը նշված տրամաբանությունից, կարծես թե, դուրս էր ԵԼՔ դաշինքով պատգամավորության թեկնածու Մանե Թանդիլյանը, ով «ռիսկ էր» արել՝  ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու թիվ 1 ընտրատարածքում, այսինքն՝ որտեղ պայքարի էին դուրս եկել «տիտանները»:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ընդդիմադիր գործիչը պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք ինքը խոչընդոտների առաջ կանգնել է մրցապայքարի ընթացքում միայն այն բանի համար, որ ինքը կին է, պատասխանեց.

 

«Այո՛, կին թեկնածու առաջադրելու հարցում դժվարությունների հանդիպել են շատերը: Ես ամբողջ կյանքում ինքս ինձ և իմ սեռին վերաբերվել եմ որպես հավասարի արական սեռին: Սա ինձ թույլ է տվել ապրել, արարել և պահանջել հավասար հնարավորություններ, որտեղ ես դրսևորել եմ իմ ընդունակությունները և հասել տարբեր հաջողությունների: Հավասարների միջև առողջ մրցակցությունն է շարժիչ ուժը: Ու դրա համար է նաև, որ ես պայքարում եմ հանուն բոլորի համար հավասար հնարավորություններով պետության, արտոնյալների «դաս»-ի և ընկալման դեմ, քանի որ միայն հավասարության զգացումն է ստեղծում առողջ մրցակցություն, զարգացում, ստեղծագործ միտք և որպես հետևանք՝ գրանցում արդյունք: Կին լինելը ինձ միայն առավելություն է տալիս, սակայն ես մերժում եմ օգտվել առավելությունից ի նպաստ զարգացման ու առաջընթացի»:

 

Անդրադառնալով մեր երկրում կանանց ունեցած խնդիրներին, Մանե Թանդիլյանը նշեց, որ կանանց խնդիրները համարում է համամարդկային, համապետական խնդիրներ:

 

«Երբ որ խոսում ենք կանանց նկատմամբ բռնության մասին, խոսում ենք նաև տգիտության, անկրթության, անպատժելիության, անտարբերության և մի շարք այլ խնդիրների մասին, որի արդյունք է նաև կանանց նկատմամբ բռնությունը: Ես, իմ ամբողջ էությամբ, ոչ միայն լինելու եմ կանանց շահերի պաշտպաններից մեր երկրում, այլև բոլոր նրանց, ում իրավունքները ոտնահարված են լինելու: Պաշտպանելը ինձ համար ենթադրում է նաև փոխել անընդունելի իրողությունները»,- ասաց մեր զրուցակիցը:

 

Նշենք, որ Մանե Թանդիլյանը միակ կին թեկնածուն է, ով  ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում խորհրդարան մտնելու հնարավորություն է ստացել վարկանիշային ցուցակով: Մանե Թանդիլյանին վստահության քվե է տվել 5.110 քաղաքացի:

 

Սոնա Հարությունյան