Ծաղկաձորում մայիսի 7-ին առաջին անգամ անցկացվելու է Հայկական կոնյակի փառատոն: Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի նախագահ Տիգրան Կարապետյանի խոսքով' փառատոնին կմասնակցեն կոնյակագործությամբ զբաղվող 30 ընկերություններ: «Մենք ակնկալում ենք մեծ թվով զբոսաշրջիկների հատկապես Ռուսաստանից' նրանց համար ներքին անձնագրերով Հայաստան մուտքի դյուրացումից հետո»,- ասաց նա:

Կարապետյանը նշեց, որ որպես փառատոնի անցկացման վայր ընտրվել է Ծաղկաձորը, քանի որ այն ռուսների կողմից բավական ճանաչված վայր է: «Փառատոնի անցկացման վայրի հարցում իր աջակցությունն է ունեցել Ծաղկաձորի քաղաքապետը, տաղավարներն էլ հատուկ պատվիրվել են կոնյակի փառատոն անցկացնելու համար անհրաժեշտ չափորոշիչներին համապատասխան»,-հավելեց բանախոսը:

Հայաստանի զարգացման հիմնադրամի զբոսաշրջության գծով տնօրեն Արա Խզմալյանի խոսքով՝ փառատոնի հիմքը կոնյակն է, քանի որ երբ դրսում ասում ենք կոնյակ, դա անմիջապես ասոցացվում է Հայաստանի հետ: «Կոնյակը Հայաստանի համն ու հոտն է»,-հավելեց նա: