Երբ Թրամփը հռչակվեց ԱՄՆ նախագահ, շատերի մոտ հույս արթնացավ, որ նոր նախագահի օրոք, ով իր քաղաքական քարոզչությունը կառուցում էր 2 հիմնական թեզերի վրա՝ բարեկամություն Ռուսաստանի հետ ու ներքին բարեփոխումներ, ծայրաստիճան լարված ռուս-ամերիկյան հարաբերությունները հնարավոր կլինի կարճ ժամանակում դուրս բերել ճգնաժամային վիճակից ու տեղափոխել շատ ավելի կառուցողական ուղի: Պետք է խոստովանել, որ առնվազն Թրամփի նախագահության սկզբնական շրջանում այդ հույսերը կարծես արդարանում էին, ու տպավորություն էր ստեղծվել, թե գերտերությունները միմյանց հետ լեզու են գտնում: Ի դեպ՝ վերջին հանգամանքը անասելիորեն կարևոր պայման է աշխարհի այս կամ այն տարածաշրջանում խաղաղությունը չխախտելու, հնարավոր լարումները կասեցնելու, աշխարհը խաղաղ պահելու համար:

Դատելով Սիրիայում Վաշինգտոնի գործողություններից՝ կարող ենք ասել, որ խաղաղասիրական բոլոր հույսերն ապարդյուն են եղել. Վաշինգոտնը, գտնելով «հարգելի» պատճառներ, ձեռնամուխ է եղել Սիրիայի ռմբակոծմանը: Սրան զուգահեռ էլ Էրդողանն է իր բացահայտ աջակցությունը հայտնել ԱՄՆ-ին՝ խոստանալով օգնել ու օժանդակել: Ինչ վերաբերում է Մոսկվային, ապա այնտեղից ստացվող ազդանշաններն առավել քան տագնապալի են. նախ՝ պաշտոնական Մոսկվան կտրականապես անընդունելի է համարել ԱՄՆ ռմբակոծություններն՝ ընդդեմ Սիրիայի, ապա կասեցրել Սիրիայում դեպքերի կանխման և թռիչքների անվտանգության ապահովման վերաբերյալ ԱՄՆ-ի հետ կնքած հուշագիրը: Մի խոսքով՝ միջազգային հարաբերություններում իրավիճակը մոտենում է կրիտիկականին, ինչը նշանակում է մեկ բան՝ Անդրկովկասում պայթյունավտանգ իրավիճակը սրվելու միանգամայն իրական շանսեր ունի:

Արդեն իսկ հայտնի է դարձել, որ Ալիևը ապրիլի 6-ին հրամանագիր է ստորագրել ռազմական դրության մասին Միլլի մեջլիսում փետրվարի 14-ին ընդունված նոր օրենքը եռամսյա ժամկետում իրագործելու մասին: 1994 թվականին Ռազմական դրության մասին ընդունված օրենքում փետրվարին կատարված փոփոխություններով՝ կոշտ սահմանափակումներ են նախատեսված մամուլի, խոսքի ազատության, քաղաքացիական իրավունքների հարցերում: Կարճ ասած՝ Ադրբեջանը ներքին պատրաստություններ է տեսնում ռազմական նոր արկածախնդրության դիմելու համար: Վերջինս ամենևին էլ անիրատեսական չի թվում, մանավանդ եթե հաշվի առնենք այդ երկրում ստեղծված ներքաղաքական լարված մթնոլորտն ու մի քանի օր հետո նախատեսվող ցույցերը. Ալիևի համար սովորական պրակտիկա է՝ ներքին խնդիրները մոռացության տալու նպատակով արտաքին պրոբլեմներ ստեղծելը:

Ակնհայտ է, որ եթե ռուս-ամերիկյան հարաբերությունները չհաջողվի առաջիկայում դուրս բերել լարված վիճակից, եթե այս ամենի կոնտեքստում կրկին սրվեն ռուս-թուրքական հարաբերությունները, եթե Արևմուտքը Ռուսաստանին ճնշելու նպատակով կրկին որոշի գործի դնել անդրկովկասյան խաղաքարտն, ապա մեր տարածաշրջանին լավ օրեր չեն սպասվում: Ի դեպ՝ անկասկած է, որ այս ամենը կապված է նաև օրերս Ռուսաստանում տեղի ունեցած տեռորիստական ակտերի հետ, որոնք հստակ ուղերձ էին Մոսկվային առ այն, որ դեռ վաղ է տոնել հաղթանակ, ու ամեն բան դեռևս առջևում է: Եթե Արևմուտքում մտադրությունները լուրջ են՝ կապված Ռուսաստանի համար խնդիրներ ստեղծելու հետ, ապա անկասկած է, որ արցախյան նոր պատերազմի հավանականությունը գրեթե հարյուր տոկոսանոց է: Բայց, վստահաբար, նոր պատերազմը շատ ավելի հուժկու է ստացվելու, քան ապրիլյանն էր, քանի որ այս պարագայում խաղի մեջ կարող են մտնել նաև Կովկասում բուն դրած ծայրահեղ իսլամիստները, ինչն ուղղակիորեն հարված կլինի ՌԴ շահերին ու անվտանգությանը. հակամարտությունը կարող է վերաճել տարածաշրջանայինի:

Թե ինչ կլինի մոտ ապագայում, ցույց կտան առաջիկա ամիսները, բայց որ Անդրկովկասում իրավիճակը կարող է դուրս գալ Մոսկվայի վերահսկողությունից ու վերածվել վերջինիս համար իսկական ճահճի, անկասկած է: Ալիևը սրում է բեղերը...

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ