Անկասկած, վերջին մի քանի օրերը համաշխարհային գործընթացների տեսանկյունից վճռորոշ ու նույնիսկ հեղափոխական պետք է համարել. տեղի են ունենում իրադարձություններ ու խորքային գործընթացներ, որոնք նախանշում են հին շրջափուլի ավարտն ու նորի սկիզբը: Սկիզբ, որը, սակայն, կարող է չափից դուրս պայթյունավտանգ լինել: Հանուն արդարության՝ պետք է նկատել, որ նոր շրջափուլն այս՝ ամենևին էլ նորություն չէ, ու ըստ էության, գրեթե նույնությամբ կրկնությունն է հանդիսանում այն հիմնական գործընթացի, որը կարճ ժամանակով կասեցվել էր՝ պայմանավորված ԱՄՆ ներքին գործընթացներով: Վերջին սրացումները, սակայն, ցույց տվեցին, որ ոչինչ ԱՄՆ-ում այնքան կայացած չէ, որքան «խորքային պետություն» ասվածը. անձերը փոխվել են, նպատակները՝ մնացել նույնը:

Արդեն հայտնի է, որ ռուս հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովը ժամանել է Բաքու՝ հանդիպելու Ալիևի հետ: Թե հատկապես ինչով կարող է պայմանավորված Կրեմլի որոշումը՝ հենց Սոլովյովին Բաքու ուղարկելու վերաբերյալ, ինչ խոսք, առավել քան հասկանալի է. ռուս հայտնի լրագրողն, ով բոլորին հայտնի է իր հայամետ հայացքներով ու ռուսահայ մի շարք ազդեցիկ շրջանակների հետ իր ունեցած կապերով, ամենևին էլ պատահականության սկզբունքով չէ, որ գործուղվել է Ալիևի նստավայր. սա, ըստ էության, Մոսկվայից Բաքվին ուղարկված շատ կոնկրետ ուղերձ է՝ Ռուսաստանի համար վճռորոշ այս իրավիճակում սխալ քայլերից զերծ մնալու համար: Սոլովյովի այցը երկու տեսանկյունից պետք է դիտարկել. առաջինը՝ սա ռուսական դիվանագիտությանը բնորոշ գծերից մեկի վառ արտահայտություն է՝ համեմված բյուզանդական դիվանագիտությանը բնորոշ տարրերով, երբ հակառակորդին փորձում են խեղդել սեփական գրկում, երկրորդ՝ ամենևին էլ ոչ երկիմաստ ակնարկ առ այն, որ եթե Բաքուն փորձի գնալ Արևմուտքի ցանկություններին ընդառաջ ու պայթեցնի վառոդով լի տակառն, ապա Մոսկվան բացահայտորեն կօգտագործի հայկական խաղաքարտը՝ Ալիևին պատժելու համար: Ասել կուզի՝ մի կոմից Մոսկվան անկեղծ բարեկամության ձեռք է մեկնում Ալիևին, մյուս կողմից՝ դիվանագիտությանը հատուկ լեզվով հասկացնում, որ եթե մեկնած ձեռքը բաքուն չսեղմի, ապա դա կարող է անկանխատեսելի հետևանքներով հղի լինել Ալիևի համար:

Բայց արի ու տես, որ համառ Ալիևն, ով, ի դժբախտություն իրեն, վերջին շրջանում հայտնվել է Արևմուտքի ուշադրության կենտրոնում (ի հավելումն ամենի՝ հիմա էլ պարզվում է՝ Իտալիայում ապրիլի կեսերին դատավարություն է անցկացվելու փողերի լվացման մասին գործով, որը լույս կսփռի Ադրբեջանում 2013-ին տեղի ունեցած մարդու իրավունքների ոտնահարման դեպքերին առնչվող գաղտնի օֆշորային գործարքների վրա. ուշադրության կենտրոնում է հայտնվել Ադրբեջանի իշխող ընտանիքի հետ սերտ կապեր ունեցող գործարարին պատկանող ընկերությունը), ամենևին էլ մտադիր չէ գլուխ խոնարհել Կրեմլի առջև. Բաքվի Նասիմինի շրջանային դատարանը, լրացուցիչ քննչական միջոցառումների անցկացման անհրաժեշտության պատճառաբանմամբ՝ որոշել է 3 ամսով երկարաձգել Լապշինի կալանքը: Համարել սա բացառապես ադրբեջանական իրավապահ մարմինների մասնագիտական գործառույթներից բխած քայլ, կարող է միայն հիմարը. Ալիևն, ըստ էության, հասկացնում է Մոսկվային, որ այլևս մտադիր չէ ընդառաջել մի պարագայում, երբ վերջինս, գոնե առայժմ, վարանում է արմատական քայլեր կատարել արցախյան կարգավորման հարցում. ստատուս-քվոյի պահպանումն Ալիևի համար այլևս կտրականապես անընդունելի է դարձել հատկապես այն պարագայում, երբ Արևմուտքն իր հերթին առայժմ նուրբ միջոցներով փորձում է հարկադրել Բաքվին՝ խաղալ ամենևին էլ ոչ հօգուտ ռուսական շահերի. փաստացի՝ Բաքուն ենթարկվում է ճնշումների՝ նոր պատերազմ հրահրելու արցախյան ճակատում, ինչի չգնալու համար Ալիևը պահանջում է ռուսական կողմից՝ Անդրոկվասում խաղալ խաղի միայն իրեն ձեռնտու կանոններով:

Բայց, ինչպես հայտնի է, Բաքուն սովոր է շնչել ու արտաշնչել բացառապես Անկարայից թելադրվող համապատասխան ռիթմով, հետևաբար՝ հարցը, թե արդյոք Ալիևը կդիմի՞ արցախյան ճակատում հերթական արկածախդրության, թե՝ ոչ, մեծապես կախված է նաև Թուրքիայում տիրող տրամդրություններից: Ի դեպ՝ ռուսական դիվանագիտությունն այս ճակատում ևս փորձում է ակտիվ քայլեր ձեռնարկել՝ խուսափելու համար Անկարայի հետ, նույն Արևմուտքի դրդմամբ, հնարավոր հակամարտությունից. Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի միջև ապրիլի 7-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց, որի ժամանակ քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված դժվարին իրավիճակը, և սա այն բանի ֆոնին, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ոչ միայն ողջունել էր Թրամփի անսպասելի ռազմամոլ կեցվաքն, այլև Սիրիայի դեմ իրականացված ռազմական հարվածը համարել ոչ բավարար չափով ուժգին: Ընդ որում. այստեղ հատականշական է նաև այն, որ այդ հեռախոսազրույցը տեղի էր ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ՝ ըստ էության՝ նպատակ հետապնդելով համոզելու Մոսկվային այն բանում, որ Թուրքիան չի ջանում հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի հետ սիրիական հողում, այլ ընդամենը հետամուտ է սեփական շահերին: Թե ինչպես կընկալի Մոսկվան Թուրքիայի հետագա քայլերը տարածաշրջանում, իհարկե, ցույց կտա ժամանակը, բայց որ նմանատիպ հարցերում թուրքական ղեկավարությունն ամենևին էլ ինքնագլուխ չէ, անկասկած է. Արևմուտքը տիրապետում է բավարար լծակների՝ իր կամքը թելադրելու Անկարային ցանկացած հարցում՝ արտաքին, թե ներքին. սա՝ միանշանակ:

Ի դեպ՝ այստեղ ավելորդ չէ նշել նաև, որ Արևմուտքը ստեղծված իրավիճակում Ռուսաստանի դեմ փորձում է օգտագործել նաև ուկրաինական խաղաքարտը. Ավակովը կրկին հանդես է եկել ռազմատենչ հայտարարություններով՝ ուղղված Ռուսաստանի դեմ: Կարծում ենք՝ չտեսնել այստեղ սիրիական հետք, ուղղակի անհնար է:

Իսկ այս ամենը մեկ բանի մասին է վկայում՝ Արևմուտքը լուրջ է տրամադրված Ասադի տապալման հարցում: Ռուսաստանին մեկ բան են ջանում հասկացնել. Սիրիայի նախագահն այլևս անդառնալիորեն սպառել է իրեն ու պետք է հեռանա: Ակնհայտ է՝ եթե Մոսկվայի կողմից այս ուղերձը ճիշտ կերպով չընկալվի, եթե Կրեմլի պատասխանը փոխզիջումային չլինի, Ռուսաստանին լավ օրեր չեն սպասվում. Իսլամական պետությունը, Ադրբեջանը, Թուրքիան, Ուկրաինան կարող են անլուծելի գլխացավանքներ ստեղծել Մոսկվայի համար՝ թիրախավորելով Ռուսաստանը միանգամից մի քանի կողմից:

Ասադը պետք է հեռանա…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ