Մոսկվայում մայիսի 27-30-ին տեղի կունանա միջազգային համագումար, որին կմասնակցեն նախկին ԽՍՀՄ անդամ պետությունների պատվիրակներ: 

Համագումարի աշխատանքները համակարգող Ռուսաստանի ռազմավարական զարգացման ինստիտուտի գլխավոր տնօրեն, Եվրասիական երիտասարդական խորհրդարանի ղեկավար Անդրանիկ Նիկողոսյանը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ նման միջոցառման կազմակերպման նպատակը մեկն է՝ տալ հնարավորություն նախկին ԽՍՀՄ անդամ պետություններին միմյանց միջև ծավալել երկխոսություն. «Սա ներկայացուցչական հարթակ է, որը հնարավորություն է տալու բոլոր նախկին խորհրդային միության կազմի մեջ եղած պետությունների պատվիրակներին հանդես գալ նոր համատեղ ծրագրերով և նախաձեռնություններով: Սա այն հարթակն է, որտեղ այդ պետությունների պատվիրակները կկարողանան բարձրաձայնել մշակութային, տնտեսական և այլ ոլորտներում առկա բազմաթիվ խնդիրներ: Պատվիրակությունների կազմերում ներառված հասարակության կողմից առավել ճանաչում ունեցող ներկայացուցիչները կունենան հնարավորություն խոսել իրենց մտահոգող խնդիրների մասին՝ փորձելով գտնել նաև դրանց լուծումները»

Թե համագումարի ընթացքում հատկապես ո՞ր բնագավառների վերաբերյալ կծավալվեն քննարկում-երկխոսություններ, Անդրանիկ Նիկողոսյանը պատասխանեց. «Քննարկման թեմաները վերաբերելու են այն բնագավառներին, որոնք ամրագրված են պետական պայմանագրերով և ներառված են ԵՏՄ անդամագրման ճանապարհային քարտեզում: Ի դեպ՝ նման քննարկումներն ավելի դյուրին կդարձնեն ԵՏՄ անդամագրման գործընթացը»:

Անդրանիիկ Նիկողոսյանի բնորոշմամբ՝ ստեղծվել է բացառիկ հնարավորություն Հայաստանի պատվիրակության համար այս համագումարի ժամանակ բարձրացնել ՀՀ-ի վերաբերյալ տարբեր ոլորտներում առկա խնդրահարույց հարցերը և հանդես գալ նոր առաջարկներով և համատեղ ծրագրերով:

Վերջինս նշեց, որ այս կլոր-սեղան քննարկմանը մասնակցելու է նաև պատվիրակություն Ադրբեջանից: Մեր դիտարկմանն՝ արդյոք Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները կարող են ծավալել երկխոսություն, Անդրանիկ Նիկողոսյանն ասաց. «Ադրբեջանը նույնպես ԽՍՀՄ նախկին անդամ պետություն է եղել, հետևաբար, այդ երկրից նույնպես ներկա կլինի պատվիրակություն: Բայց պետք է նշեմ, որ  սա  քաղաքական հարթակ չէ, մասնակիցներին տրվելու է հնարավորություն խոսելու  հասարակական, մշակութային համատեղ ծրագրերի իրականացման  մասին: Արվելու է ամեն բան,  որ մասնակից պետությունները կարողանան համագործակցել միմյանց հետ՝ առանց քաղաքական քննարկումների անցկացման»:

Անդրանիկ Նիկողոսյանից հետաքրքրվեցինք նաև՝ որպես համագումարի կազմակերպիչ՝ չունի՞ մտավախություն, որ իր այս քայլը կարող է ոչ միանշանակ ընկալում ունենալ Հայաստանում՝ հաշվի առնելով իր շուրջ ծավալվող քննադատությունները: Վերջինս նշեց, որ ինքն իր կատարած աշխատանքով ամեն ինչ արել է իր հայրենակիցների բարօրության համար և շարունակելու է իր այդ մոտեցումը. «Ես ոչ թե Ռուսաստանի մարդն եմ Հայաստանում կամ հակառակը, ինչպես հաճախ ասվում է,  այլ որպես իր ազգությամբ հպարտ հայ, մշտապես մտահոգված եմ ինչպես Հայաստանում ապրող հայերով, նույնպես՝  ՌԴ-ում ապրող իմ հայրենակիցներով, հետևաբար  իմ աշխատանքով անում եմ հնարավորին ամեն բան՝ հօգուտ իմ հայրենակիցների»:

Աղավնի Սուքիասյան